Հոդված 5
Հոդված 5
Սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում շարադրված պարտավորություններին համապատասխան, մասնակից պետությունները պարտավորվում են արգելել ու վերացնել ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով և ապահովել յուրաքանչյուրի իրավահավասարությունն օրենքի առջև՝ առանց ռասայի, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման տարբերակման, հատկապես, հետևյալ իրավունքների իրականացման կապակցությամբ.
(ա) դատարանի և արդարադատություն իրականացնող մյուս բոլոր մարմինների առջև հավասարության իրավունքի,
(բ) անձնական անվտանգության և բռնությունից կամ մարմնական վնասվածքներից պետության կողմից պաշտպանության իրավունքի՝ անկախ այն բանից, դրանք դրսևորվել են պետական պաշտոնյաների, թե առանձին անձանց կամ հաստատությունների կողմից,
(գ) քաղաքական իրավունքների կապակցությամբ, մասնավորապես, ընտրությունների մասնակցելու, ընդհանուր և հավասար ընտրական իրավունքի հիման վրա ընտրելու և ընտրվելու իրավունքի, երկրի կառավարմանը, ինչպես նաև հանրային գործերին ցանկացած մակարդակով մասնակցելու իրավունքի և պետական ծառայության անցնելու հավասար հնարավորության իրավունքի,
(դ) քաղաքացիական այլ իրավունքների կապակցությամբ, մասնավորապես՝
(i) պետության սահմանների ներսում տեղաշարժի և բնակության ազատության իրավունքի,
(ii) ցանկացած, ներառյալ իր սեփական, երկրից հեռանալու և իր սեփական երկիրը վերադառնալու իրավունքի,
(iii) քաղաքացիության իրավունքի,
(iv) ամուսնանալու և ամուսին ընտրելու իրավունքի,
(v) ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ սեփականության իրավունքի,
(vi) ժառանգման իրավունքի,
(vii) մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի,
(viii) համոզմունքների ազատության և ազատ արտահայտվելու իրավունքի,
(ix) խաղաղ հավաքների և միավորումներ կազմելու ազատության իրավունքի,
(ե) տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կապակցությամբ, մասնավորապես՝
(i) աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար և նպաստավոր պայմանների, գործազրկությունից պաշտպանվածության, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության, արդար և բավարար վարձատրության իրավունքի,
(ii) արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքի,
(iii) բնակարանի իրավունքի,
(iv) առողջության, բժշկական օգնության, սոցիալական ապահովության և սոցիալական սպասարկման իրավունքի,
(v) կրթության և մասնագիտական նախապատրաստման իրավունքի,
(vi) մշակութային կյանքին հավասար մասնակցության իրավունքի,
(զ) ցանկացած վայր կամ հասարակական սպասարկման համար նախատեսված ցանկացած օբյեկտ, ինչպես, օրինակ, տրանսպորտ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, թատրոններ ու զբոսայգիներ, մուտք գործելու իրավունքի։