Հոդված 8
Հոդված 8
1. Ստեղծվում է Ռասայական խտրականության վերացման կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)՝ կազմված բարոյական բարձր նկարագիր ունեցող և ճանաչված անաչառությամբ օժտված փորձագետներից, որոնց ընտրում են մասնակից պետություններն իրենց քաղաքացիներից և որոնք իրենց պարտականություններն իրականացնում են անձնապես, ընդ որում, հաշվի է առնվում արդարացի աշխարհագրական բաշխումն ու քաղաքակրթության տարբեր ձևերի, ինչպես նաև իրավական գլխավոր համակարգերի ներկայացուցչությունը։
2. Կոմիտեի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, մասնակից պետությունների առաջադրած անձանց ցուցակից։ Յուրաքանչյուր մասնակից իր քաղաքացիներից կարող է առաջադրել մեկ թեկնածու։
3. Սկզբնական ընտրություններն անցկացվում են սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս անց։ Յուրաքանչյուր ընտրության օրվանից առնվազն երեք ամիս առաջ Գլխավոր քարտուղարն անդամ պետություններին հասցեագրած նամակով նրանց հրավիրում է երկու ամսվա ընթացքում առաջադրելու իրենց թեկնածուներին։ Գլխավոր քարտուղարը պատրաստում է այդ կարգով առաջադրված բոլոր անձանց այբբենական ցուցակը՝ նշելով նրանց առաջադրած մասնակից պետությունները, և այն ներկայացնում Կոնվենցիայի մասնակից պետություններին։
4. Կոմիտեի անդամների ընտրություններն անցկացվում են Կոնվենցիայի մասնակից պետությունների նիստում, որ հրավիրում է Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում։ Այդ նիստում, որում քվորում ձևավորում է մասնակից պետությունների երկու երրորդը, Կոմիտեի ընտրված անդամներ են համարվում այն թեկնածուները, որոնք ստանում են ձայների առավելագույն քանակը և Կոնվենցիայի մասնակից պետությունների՝ ներկա ու քվեարկությանը մասնակցող ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը։
5. (ա) Կոմիտեի անդամներն ընտրվում են չորս տարով, սակայն առաջին ընտրություններում ընտրված ինն անդամների լիազորություններն ավարտվում են երկամյա ժամկետի ավարտին։ Առաջին ընտրություններից անմիջապես հետո այդ ինն անդամների անունները որոշում է Կոմիտեի նախագահը՝ վիճակահանությամբ,
(բ) չնախատեսված թափուր տեղերը լրացնելու համար Կոնվենցիայի անդամ պետությունը, որի փորձագետն այլևս Կոմիտեի անդամ չէ, իր քաղաքացիներից նշանակում է այլ փորձագետի՝ Կոմիտեի հավանությունն ստանալու պայմանով։
6. Մասնակից պետությունները պատասխանատու են Կոմիտեի անդամների ծախսերը ծածկելու համար՝ Կոմիտեում նրանց պարտականությունների կատարման ժամանակահատվածում։