Հոդված 30
Հոդված 30.
Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 43.
Հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալու կամ պետական բյուջեից հաշվանցման ենթակա գումարն ավել ցույց տալու համապատասխան դեպքերի համար հարկ վճարողից գանձվում կամ առաջադրվում է`
1) պակաս հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը.
2) ավել հաշվարկված` պետական բյուջեից հաշվանցման ենթակա գումարը.
3) պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի և հարկ վճարողի ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկով պետական բյուջեից հաշվանցման ներկայացված գումարի հանրագումարը, եթե հարկ վճարողի կողմից ներկայացվել է բյուջեից հաշվանցման ենթակա գումարով ԱԱՀ-ի հաշվարկ, սակայն ստուգման արդյունքներով առաջանում է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար:
Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ԱԱՀ-ի համապատասխան գումարի նկատմամբ հաշվարկվում և գանձվում է տուգանք`
ա) 100 տոկոսի չափով, եթե փաստացի իրականացված գործարքի գծով առաջացող պարտավորությունը նվազեցնելու նպատակով գործարքի իրական պայմաններին համապատասխանող` դուրս գրված հարկային հաշիվը հարկ վճարողի կողմից անվավեր է ճանաչվել,
բ) սույն մասի «ա» կետում չնշված դեպքերում` սույն հոդվածին համապատասխան հաշվարկվող` պետական բյուջե վճարման ենթակա գումարի 50 տոկոսի չափով, իսկ սույն կետով սահմանված տուգանքը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն տեսակի խախտումը կրկին կատարելու դեպքում տուգանք` բյուջե վճարման ենթակա գումարի 100 տոկոսի չափով:
Սույն հոդվածին համապատասխան հաշվարկվող` պետական բյուջե վճարման ենթակա գումարները և տուգանքները հաշվարկվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:
Ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների համար սույն հոդվածով սահմանված դրույթները (այդ թվում` պատասխանատվությունը) չեն կիրառվում, եթե չի ավարտվել այն եռամսյակի համար տեղեկությունների ներկայացման վերջնաժամկետը, որն ընդգրկում է հարկային հաշվի վերաբերյալ դուրս գրման (ստացման), իսկ հաշվանցումների կատարման մասով` փաստացի հաշվանցման ամիսը:»: