Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:
Ապրանքի մատակարարում չի համարվում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողական նպատակներով օգտագործման ենթակա)` անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (այդ թվում` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, անձնական օգտագործման ավտոմեքենայի) և ֆիզիկական անձանց կողմից գույքային իրավունքների օտարման տնտեսական գործունեություն համարվող գործարքը, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում`
ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը,
բ. մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում,
գ. իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց)) ներդրումը, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը օտարվել է այլ անձի,
դ. օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների), բացառությամբ՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչև տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում՝ մինչև 4 անհատական բնակելի տների օտարումը:
Անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց համար սույն կետում նշված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի պարզեցված հաշվարկների ներկայացման և գումարների վճարման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սույն կետը կիրառվում է նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ, եթե սույն կետում նշված գույքը չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության առարկա:
Անկախ սույն կետի դրույթներից` ֆիզիկական անձանց պատկանող` ժառանգության զանգվածում ներառվող գույքի` ժառանգին օտարումը ապրանքի մատակարարում չի համարվում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով`
«5) առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը, եթե համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին հայտարարություն հարկային մարմին չի ներկայացվել: Սույն կետում նշված դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է օրենքի 8 հոդվածի 6-րդ կետին համապատասխան:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Սույն օրենքի դրույթների կիրառման առումով գործարք է դիտվում որոշակի մեկ տեսակի ապրանքի օտարումը կամ մեկ տեսակի ծառայության մատուցումը` այն քանակով կամ ծավալով, որն իրականացվում է մեկ առաքմամբ կամ գնորդին մեկանգամյա հանձնումով (գնորդի կողմից ընդունմամբ): Ընդ որում՝ որպես մեկ առաքմամբ մատակարարված ապրանքի քանակ կամ մեկ հանձնումով ծառայության մատուցման ծավալ ընդունվում է հաշվարկային փաստաթղթում, իսկ դրա բացակայության դեպքում` վճարային փաստաթղթում, ընդունման-հանձնման կամ կատարողական ակտում կամ այլ փաստաթղթում արձանագրված քանակությունը (ծավալը):»: