Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 3-րդ կետի «դրանց վերամշակման կամ նորոգման արժեքը, որը որպես հատուցում պետք է վճարվի օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին կամ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրյա ֆիզիկական անձանց), իսկ այդ արժեքի որոշման անհնարինության դեպքում` ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի և դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերությունը» բառերը փոխարինել «ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի և դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերության, օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված մաքսատուրքի և ակցիզային հարկի հանրագումարը» բառերով.
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4) Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված (չհաշվառված) օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարք իրականացվելու (ներառյալ` այդ անձի սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծվելու) դեպքերում այդ գործարքների մասով պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող` ԱԱՀ վճարող համարվող կամ ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք, բացառությամբ արտոնագրային կամ հաստատագրված վճար կամ շրջանառության հարկ վճարող անձանցից և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից, օտարերկրյա անձանց փոխարեն որպես հարկային գործակալ կրում են ավելացված արժեքի հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն` սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով: Սույն կետի կիրառման իմաստով գործարքը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված, եթե ապրանքի մատակարարման կամ ծառայության մատուցման վայրը Հայաստանի Հանրապետությունում է: Սույն հոդվածին համապատասխան, օտարերկրյա անձի փոխարեն ԱԱՀ-ի պարտավորություն կրելիս ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում:».
3) 5-րդ կետի`
ա. երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Կոմիսիոների և գործակալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքի կամ ծառայության ընդհանուր արժեքով նաև այն դեպքերում, երբ կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերին համապատասխան, կոմիսիոների կամ գործակալի կողմից երրորդ անձից ձեռք բերված ապրանքը կամ ծառայության արդյունքը հանձնվում է համապատասխանաբար՝ կոմիտենտին կամ պրինցիպալին:»,
բ. երկրորդ պարբերության «հանձնարարության» բառը փոխարինել «կոմիսիայի» բառով,
գ. երրորդ պարբերության «սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված` ֆիզիկական անձի այն գույքի օտարման գործարքների դեպքում, որոնց օտարումը, համաձայն օրենքի, ԱԱՀ-ով հարկվող գործարք չի համարվում» բառերը փոխարինել «ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դեպքում, երբ իրականացվող գործարքը ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, այդ թվում` այն դեպքերում, երբ ֆիզիկական անձի գույքի օտարման գործարքը ապրանքի մատակարարում չի համարվում» բառերով.
4) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե հրապարակային պայմանագրի համաձայն, ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձը հրապարակային պայմանագրով առևտրային զեղչերի կիրառման օրվան նախորդող առնվազն երկու աշխատանքային օր առաջ հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևի հայտարարություն՝ առևտրային զեղչեր կիրառելու վերաբերյալ:».
5) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով`
«13) արտարժույթի առուվաճառքի գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում արտարժույթի վաճառքի և ձեռքբերման արժեքների դրական տարբերությունը:»: