Հոդված 11
Հոդված 11
Բժշկական սպասարկում
1. Հիվանդության կամ վնասվածքի դեպքում ուսանող զինվորական անձնակազմը Ընդունող կողմի բուժհիմնարկներում կարող է անվճար ամբուլատոր կամ ստացիոնար բուժում ստանալ: Ատամնաբուժությունը սահմանափակվում է միայն ծայրահեղ անհրաժեշտ բուժմամբ` անհապաղ, ընդհանուր, կոնսերվացնող և վիրահատական բուժմիջոցառումների շրջանակներում:
2. Ընդունող կողմի բժշկական հիմնարկներից դուրս առաջացած բուժսպասարկման ծախսերը կրում է Ուղարկող կողմը: Դրանց թվին են պատկանում, օրինակ, հետևյալ ծախսերը.
ա) քաղաքացիական բժիշկների (ատամնաբույժների) կողմից ամբուլատոր և ատամնաբուժական բուժման համար,
բ) հիվանդի տեղափոխման համար, որը չի իրականացվել Ընդունող կողմի սանիտարական մեքենաներով,
գ) քաղաքացիական հիվանդանոցներում ստացիոնար բուժման համար,
դ) հանգստավայրերի և հատուկ բուժումների համար,
ե) քաղաքացիական բժիշկների և ատամնաբույժների կողմից նշանակված դեղորայքի և վիրակապերի համար, որոնք հնարավոր չէ ստանալ Ընդունող կողմի դեղորայքի պաշարից,
զ) տեսողության և լսողության սարքերի, օրթոպեդիկ օժանդակ միջոցների, մարմնի օրգանների փոխպատվաստվող միջոցների, ատամնատեխնիկական լաբորատորիաների աշխատանքների և մատակարարումների:
3. Ուսումն սկսելուց առաջ պետք է ներկայացնել առողջության մասին տեղեկանք` համաձայն Ընդունող կողմի նախատեսած հարցաթերթիկի: Առողջության մասին տեղեկանքը պետք է պարզաբանում տա մասնավորապես այն մասին, որ ուսանող անձնակազմի անդամը.
ա) չունի վարակիչ հիվանդություններ,
բ) չունի թոքախտ, և որ այդ նպատակով կատարվել է թոքերի ռենտգենյան ստուգում,
գ) չունի բուժման ենթակա առողջական շեղումներ (հիվանդություններ, վնասվածքների հետևանքներ, արատներ),
դ) չունի ատամնաբուժության կարիք,
ե) ստացել է պատվաստումներ Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշումներին համապատասխան:
Այս նպատակով նախատեսված ստուգումները պետք է կատարված լինեն Ուղարկող կողմի պետությունից մեկնելուց ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ:
4. Եթե առողջության մասին տեղեկանքով նախատեսված որոշ ստուգումներ Ուղարկող կողմի պետությունում չեն կատարվել, ապա դա պետք է արձանագրել առողջության մասին տեղեկանքում:
5. Ընդունող կողմը, անկախ առողջության տեղեկանքի տվյալներից, իրեն իրավունք է վերապահում ուսանող անձնակազմի անդամներին իր բժշկական հիմնարկներում լրացուցիչ բժշկական ստուգման ենթարկել:
6. Եթե ուսանող անձնակազմի անդամը սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված բժշկական ստուգումներից խուսափի, ապա ուսուցումը կարող է ժամկետից շուտ դադարեցվել` 4-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան: