Հոդված 16. Զբաղվածության պետական ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը
Հոդված 16. Զբաղվածության պետական ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը
1. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անձի ստացած, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները վերադարձնում է անձը, եթե նա ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները:
2. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով կամ 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված ուղղություններով իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անձի ստացած, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները վերադարձնում է անձը, եթե տվյալ անձը ծրագրում ընդգրկվելու պահին եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները:
3. Ֆինանսական միջոցները վերադարձվում են ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից սկսած՝ լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ:
4. Ֆինանսական միջոցները վերադարձվում են միանվագ կամ լիազորված մարմնի և անձի միջև գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցին համապատասխան, իսկ անձի կողմից ֆինանսական միջոցները չվերադարձնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով:
5. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում լիազորված մարմնի սխալի հետևանքով անձին վճարված ֆինանսական միջոցները վերադարձնում է սխալը թույլ տված պաշտոնատար անձը (անձինք)` լիազորված մարմնի ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ:
6. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում գործատուների և ոչ պետական կազմակերպությունների կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման միանվագ` լիազորված մարմնի հետ ունեցած պայմանագրային պարտավորությունների խախտումը թույլ տալու դեպքում` մեկ ամսյա ժամկետում, ընդ որում` գործատուների և ոչ պետական կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցները չվերադարձնելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով: