Հոդված 24. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տեղեկատվական ապահովումը
Հոդված 24. Զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տեղեկատվական ապահովումը
1. Զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, ամենամյա պետական ծրագրի հասցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում, աշխատաշուկայի օբյեկտիվ վերլուծության և կանխատեսման նպատակներով լիազորված մարմինը ձևավորում և վարում է տեղեկատվական շտեմարան:
2. Տեղեկատվական շտեմարանը ներառում է տեղեկատվություն` աշխատանք փնտրող անձանց, գործատուների ներկայացրած թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության պետական ծրագրերի հնարավորությունների և այդ ծրագրերի ընթացիկ արդյունքների վերաբերյալ: Գործատուների ներկայացրած թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի ցանկը տեղադրվում է լիազորված մարմնի կայքէջում:
3. Զբաղվածության պետական ծրագրում ներգրավված անձանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաև այդ անձանց` տվյալ աշխատատեղում աշխատանքային հարաբերությունների հետագա շարունակության վերաբերյալ ստացված տեղեկատվությունը պարբերաբար ներառվում է տեղեկատվական շտեմարանում և օգտագործվում ամենամյա ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի, գնահատման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով:
4. Տեղեկատվական շտեմարանն ապահովում է`
1) աշխատանք փնտրող անձանց և գործատուների` լիազորված մարմին անհատական այցելությունների և (կամ) էլեկտրոնային ձևով և առցանց եղանակով գրանցման և համապատասխան տեղեկատվության մուտքագրման հնարավորությունները.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում լիազորված մարմնի հետ հետադարձ կապի հնարավորությունը.
3) լիազորված մարմին անհատական այցելությունների և (կամ) էլեկտրոնային ձևով և առցանց եղանակով տեղեկատվության հասանելիությունը շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում` աշխատանք փնտրող անձանց, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների:
5. Աշխատանք փնտրող անձանց և գործատուների անհատական տվյալներն առցանց եղանակով կարող են հասու լինել միայն նրանց գրավոր համաձայնությամբ:
6. Տեղեկատվական շտեմարանի ներդրման, վարման և շահագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: