Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) զբաղվածություն` Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակները.

2) աշխատանք փնտրող անձ` 16 տարին լրացած անձ, որը, անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով զբաղված լինելու հանգամանքից, սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին).

3) գործազուրկ` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած՝ աշխատանք փնտրող և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով չզբաղված անձ, որը աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է լիազորված մարմնում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ.

4) աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձ` աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այն անձը, որը`

ա. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից,

բ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից,

գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից ստացել է գրավոր ծանուցում և ծանուցումը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել է լիազորված մարմնի կողմից.

5) զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիր (այսուհետ` ամենամյա ծրագիր)` լիազորված մարմնի մշակած փաստաթուղթ, որին համապատասխան իրականացվում է զբաղվածության պետական քաղաքականությունը.

6) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատում` աշխատանք փնտրող անձի որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունների որոշում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հիմք ընդունելով սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները և այդ անձի ցանկությունները.

7) թափուր աշխատատեղ` որոշակի մասնագիտություն (որակավորում) կամ հմտություն կամ ունակություն պահանջող և տվյալ պահին չզբաղեցված աշխատատեղ.

8) նոր ստեղծվող աշխատատեղ` գործատուի լիազորած մարմին կամ սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն աշխատատեղի ստեղծման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու պահից հաշված` առավելագույնը երեք ամսվա ընթացքում ստեղծվող աշխատատեղ.

9) զբաղվածության պետական ծրագրեր` սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվող ծրագրեր և մատուցվող ծառայություններ, որոնք տրամադրվում են աշխատանք փնտրող անձին համալիր սոցիալական ծառայությունների շրջանակներում, ինչպես նաև գործատուներին և սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված ոչ պետական կազմակերպությանը` զբաղվածության պետական կարգավորման ոլորտում լիազորված մարմնի հետ համագործակցության շրջանակներում.

10) կայուն զբաղվածություն` սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի (այդ թվում` զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի և ծառայության) միջոցով աշխատանք փնտրող անձի զբաղվածություն, որի չափանիշներն ու չափորոշիչները, ըստ զբաղվածության պետական ծրագրերի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

11) ժամանակավոր զբաղվածություն` սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող ծրագրերում ընդգրկվելու ժամանակահատվածում անձի զբաղվածություն, որի չափանիշները, ըստ զբաղվածության պետական ծրագրերի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

12) զբաղվածության ապահովման անհատական ծրագիր (այսուհետ` անհատական ծրագիր)` փաստաթուղթ, որտեղ նշվում են աշխատանք փնտրող անձի անհատական տվյալները, զբաղվածության պատմությունը, գնահատված կարիքները, առաջարկվող և իրականացվող միջոցառումները, աջակցության թիրախները և դրանց կատարողականը.

13) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (այսուհետ` աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն)` թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի համալրման համար գործատուներին, ինչպես նաև իրեն դիմած և (կամ) լիազորված մարմնի կողմից որպես աշխատանք փնտրող հաշվառված անձին (այսուհետ` իրեն դիմած անձ) աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություն.

14) զբաղված անձ` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային գործունակություն ունեցող անձ, որը զբաղված է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։