Հոդված 9. Ընտանեկան նպաստ ստանալու համար դիմելը
Հոդված 9. Ընտանեկան նպաստ ստանալու համար դիմելը
1. Ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ դիմում է փաստացի բնակության վայրի տարածքային մարմին` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի և այլ պայմանների մասին հավաստի և ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր:
2. Ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմելու օր է համարվում տարածքային մարմնի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Այն դեպքում, երբ դիմում-հայտարարագրին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տարածքային մարմինը երեք օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:
Եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ փաստաթղթերը ներկայացնում է, ապա դիմելու օր է համարվում ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:
2.1 . Ընտանեկան նպաստ նշանակելու դիմում-հայտարարագիրը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ընդունելուց կամ փաստաթղթերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացվելուց հետո տարածքային մարմինը 30 օրվա ընթացքում դրանք քննարկում և որոշում է կայացնում: Ընտանեկան նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում տարածքային մարմինը երեք օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը:
2.2 . Տարածքային մարմինը դիմում-հայտարարագիրը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում:
3. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված տվյալները փոխվելու դեպքում այդ մասին դիմողը տեղյակ է պահում տարածքային մարմին՝ փոփոխության օրվանից սկսած՝ 30-օրյա ժամկետում, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
4. Դիմողը դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին տարածքային մարմին է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները հավաստող փաստաթղթերը:
(9-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 04.12.07 ՀՕ-284-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-224-Ն)