Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Համաձայնագրում օգտագործվող տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
1. «Ներդրումներ» տերմինը նշանակում է գույքի բոլոր տեսակները, որոնք տնտեսական գործունեության իրականացման նպատակով ներդրվում կամ վերաներդրվում են Պայմանավորվող կողմերի տարածքներում՝ նրանցից յուրաքանչյուրի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով, և ներառում են, մասնավորապես, բայց ոչ բացառապես.
ա) շարժական և անշարժ գույքը, ցանկացած այլ գույքային իրավունքները, ինչպես, օրինակ, վարձակալության, գրավի, հիպոթեքի կամ գրավադրման իրավունքները,
բ) իրավաբանական անձանց կամ այլ ձեռնարկությունների բաժնեմասերը, բաժնետոմսերը և պարտավորությունները կամ նման ձեռնարկություններում մասնակցության այլ ձևերը,
գ) դրամական պահանջները և պայմանագրից բխող պարտավորությունները,
դ) մտավոր սեփականության իրավունքը և նոու հաուն,
ե) օրենքով կամ պայմանագրով տրամադրված կոնցեսիաները, ներառյալ բնական պաշարների հետախուզման, արդյունահանման, մշակման կամ շահագործման կոնցեսիաները:
Կապիտալի ներդրման կամ վերաներդրման իրավական ձևերի փոփոխությունը սույն Համաձայնագրի շրջանակներում չի ազդի դրանց դիտարկմանը որպես «ներդրումների»:
2. «Ներդրող» տերմինը նշանակում է.
ա) ցանկացած ֆիզիկական անձ, որը, համաձայն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենսդրության, հանդիսանում է նրա քաղաքացի,
բ) ցանկացած իրավաբանական անձ կամ այլ միավոր, որը ստեղծվել կամ հիմնվել է Պայմանավորվող կողմերից մեկի օրենսդրության համապատասխան, ունի գտնվելու վայր Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում և ճանաչված է վերջինիս օրենսդրությամբ,
գ) այնուամենայնիվ, սույն Համաձայնագիրը չի կիրառվում երկու Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կատարված ներդրումների նկատմամբ, եթե ներդրման պահին, այդպիսի անձանց իրավաբանական հասցեն գտնվում է այն Կողմի տարածքից դուրս, որտեղ իրականացվել է ներդրումը:
3. «Եկամուտներ» տերմինը նշանակում է ներդրումներից ստացված գումարները և ներառում է, մասնավորապես, սակայն ոչ բացառապես, շահույթը, տոկոսավճարները, կապիտալի աճը, շահաբաժինը, ռոյալթիները և կոմիսիոն վճարները:
4. «Տարածք» տերմինը նշանակում է՝
ա) կապված Հայաստանի Հանրապետության հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքը,
բ) կապված Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության տարածքը, ներքին ջրերը և տարածքային ծովը, ինչպես նաև տարածքային ծովի սահմաններից դուրս ջրային այն տարածքները, որոնց նկատմամբ Ուրուգվայը իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավասությունը՝ համաձայն իր գործող օրենքների և միջազգային իրավունքի: