Հոդված 13. Քաղաքացիական ծառայողների պարգևատրման աղբյուրները, չափերը և կարգը
Հոդված 13. Քաղաքացիական ծառայողների պարգևատրման աղբյուրները, չափերը և կարգը
1. Տվյալ մարմնի համար քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է այդ մարմնի քաղաքացիական ծառայողների` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, որը սահմանվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով: «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված բոլոր մարմինների համար քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է միասնական տոկոսային դրույքաչափով:
2. Քաղաքացիական ծառայողի պարգևատրումը քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից ունի միանվագ բնույթ: Քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը հաշվարկվում է նրա տարեկան հիմնական աշխատավարձի նկատմամբ:
Քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը (մարմինը)` հիմք ընդունելով քաղաքացիական ծառայողի ներկայացրած հաշվետվությունների հիման վրա նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը:
Քաղաքացիական ծառայողը պարգևատրում չի ստանում, եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկը գնահատվել է բացասական:
3. Քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից պարգևատրումները նախորդ տարվա արդյունքների հիման վրա տրվում են հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:
4. Քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը (մարմինը) տարվա ընթացքում հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար կարող է պարգևատրել քաղաքացիական ծառայողների աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայողները կարող են պարգևատրվել դրանցով սահմանված աղբյուրներից և կարգով: