Հոդված 17. Քաղաքացիական ծառայողների վարձատրության կարգը
Հոդված 17. Քաղաքացիական ծառայողների վարձատրության կարգը
1. Աշխատավարձը վճարվում է քաղաքացիական ծառայողին ամսական առնվազն մեկ անգամ` հաջորդ ամսվա առաջին յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
2. Քաղաքացիական ծառայողի վարձատրության և դրամական օգնության վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:
3. Քաղաքացիական ծառայողներին վճարումները տրվում են անկանխիկ, նրանց հայեցողությամբ տրվում են չեկերով կամ նրանց նշած բանկային հաշվին դրամական փոխանցումներով:
4. Քաղաքացիական ծառայողի վճարովի արձակուրդի համար հիմնական արձակուրդային ու սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված վճարները տրվում են արձակուրդից առնվազն երեք օր առաջ, ընդ որում, լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ տարվա վերջում, եթե արձակուրդը տեղափոխվում է հաջորդ տարի:
5. Քաղաքացիական ծառայողի աշխատանքից ազատման դեպքում վարձատրության հարցերը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձի վճարումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
6. Քաղաքացիական ծառայողի վարձատրության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն աշխատողի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:
7. Աշխատաժամանակի հաշվարկի, ինչպես նաև գիշերային, հանգստյան, տոներին և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար, պարապուրդի, ինչպես նաև ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում քաղաքացիական ծառայողների վարձատրությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում սահմանված վարձատրությունը քաղաքացիական ծառայողն ստանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդից:
(17-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-185-Ն)