Հոդված 33. Կյանքը ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջները
Հոդված 33. Կյանքը ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջները
1. Կենդանիների քնեցումն իրականացնում է անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբուժական ծառայությունը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցով:
2. Քնեցման նախապատրաստումը և իրականացումը կազմակերպվում են այնպես, որը կենդանիների մոտ սթրեսը հասցվի նվազագույնի:
3. Քնեցումն իրականացվում է առանձնացված շինությունում, որը թույլ չի տալիս այլ կենդանիների ներկա գտնվել այդ գործընթացին:
4. Քնեցումն իրականացվում է այնպիսի նյութերով, որոնք շատ արագ կերպով գիտակցության և ցավի զգացողության լրիվ կորստի են հասցնում կենդանուն` ենթարկելով մահվան:
5. Քնեցումից հետո անասնաբույժը որոշում է կենդանու մահացությունը` ստուգելով նրա սրտի աշխատանքը:
6. Անասնաբույժը քնեցման գրանցամատյանում գրանցում է քնեցման իրականացման և անասնաբուժական դեղամիջոցի կիրառման պատճառները:
7. Քնեցումը թույլատրվում է`
1) անբուժելի հիվանդ կենդանիներին, որոնք հիվանդության պատճառով ցավի և տանջանքի մեջ են.
2) վարակիչ հիվանդության վերացման համար, որը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը.
3) կենդանիների նկատմամբ փորձարկումների կասեցման համար, որի արդյունքում առաջացել են կենդանիներին ցավ և տանջանք պատճառող ախտաբանական չվերականգնվող փոփոխություններ.
4) կենդանիներին, որոնց ագրեսիվ վարքագիծը մարդկանց և կենդանիների առողջության համար իրական վտանգ է ներկայացնում:
8. Քնեցման համար արգելվում է այնպիսի անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը`
1) որի արդյունքում մկանները կաթվածահար են լինում` առանց կորցնելու ցավի զգացողությունը.
2) որը չի հանգեցնում գիտակցության կորստի: