Հոդված 16. Անասնաբուժական գործունեություն իրականացնողների պարտականությունները
Հոդված 16. Անասնաբուժական գործունեություն իրականացնողների պարտականությունները
1. Անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են`
1) ապահովել անասնաբուժական գործունեությանը ներկայացվող պահանջները.
2) հակաանասնահամաճարակային միջոցառումների և անասնաբուժական գործունեության համապատասխան գրանցամատյաններում կատարել գրանցումներ և հաշվետվություն ներկայացնել լիազոր մարմին.
3) յուրաքանչյուր ամիս լիազոր մարմին ներկայացնել յուրաքանչյուր նոր գրանցված գյուղատնտեսական կենդանու անասնաբուժական անձնագրի տվյալները.
4) կենդանիների վարակիչ հիվանդությունների առաջացման վտանգի, կենդանիների հիվանդացության և անկման դեպքում անհապաղ ծանուցել լիազոր մարմնին և իրականացնել հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգները.
5) կենդանիների տերերին տեղեկացնել կենդանիների առողջության վրա անասնաբուժական դեղամիջոցի կամ բժշկական պրեպարատներով հագեցած կերերի կիրառման խախտումների կամ դադարեցման ժամանակահատվածի ազդեցության մասին.
6) անմիջապես տեղեկացնել լիազոր մարմնին` անկած կենդանիների հավաքման, ոչնչացման կամ թաղման գործընթացների խախտումների հայտնաբերման դեպքերում.
7) կենդանիների բուժման և զոոտեխնիկական նպատակներով կիրառել հորմոնալ արտադրանքների, բետա-անտագոնիստների, թիրեոստատիկ կամ այլ անասնաբուժական դեղամիջոցների և անասնաբուժական միջոցների օգտագործման պահանջները.
8) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` լիազոր մարմնի նախաձեռնությամբ, հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի աշխատանքներն իրականացնող անասնաբույժներին աջակցելու նպատակով կատարել կենդանիների հիվանդությունների կանխարգելման, սահմանափակման և վերացման միջոցառումներ:
2. Անասնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, իրավասությունները վերազանցելու, պետական ու առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու դեպքերում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: