Հոդված 5. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 5. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ապրանքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն՝ Միության անդամ պետությունների տարածքից կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքից ապրանքների և տրանսպորտային միջոցների ներսբերումը Հայաստանի Հանրապետության տարածք` պետական սահմանը փաստացի հատելու միջոցով.
ապրանքների արտահանում Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստացի դուրսբերում Միության անդամ այլ պետությունների տարածքներ կամ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներ.
Միության մաքսային տարածքից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ապրանքների արտահանում՝ ապրանքների արտահանումը Միության մաքսային տարածքից Միության անդամ չհանդիսացող պետության տարածք` Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով.
Հայաստանի Հանրապետության անձինք՝ Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես կամ առավելապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում, հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները.
միասնական հաշիվ՝ դրամական մուտքերի հաշվառման և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի, ինչպես նաև Միության բյուջեների միջև դրանց բաշխման համար նախատեսված միասնական հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.
ապրանքներ՝ Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող բոլոր տեսակի առարկաներն ու իրերը, այլ գույքը, այդ թվում` արժույթը, արժութային արժեքները, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան, փոխադրամիջոցները, բացառությամբ սույն մասի 7-րդ կետով սահմանված տրանսպորտային միջոցների.
տրանսպորտային միջոցներ՝ բոլոր տեսակի փոխադրամիջոցները, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության սահմանով ուղևորների և ապրանքների միջազգային տեղափոխման նպատակով, այդ թվում` բեռնարկղերը (կոնտեյներները) և այլ օժանդակ փոխադրամիջոցները.
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձի կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքներ՝ նշված անձանց պատկանող օգտագործված ապրանքներ (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների), որոնք նախատեսված են ֆիզիկական անձի՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար, ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ և չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բնաիրային չափերը, և անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, դրանց կցորդներ՝ յուրաքանչյուր տեսակից մեկ միավորից ոչ ավելի քանակի, որոնք գրանցված են եղել և գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո նախկին բնակության երկրում առնվազն վեց ամսվա ընթացքում՝ նախքան ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչելու փաստը հաստատող կամ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ունենալու փաստը հաստատող փաստաթղթի տրամադրման օրը, որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ կամ Հայաստանի Հանրապետությունում ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ.
անձնական օգտագործման ապրանքներ՝ ապրանքներ, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար և Միության մաքսային սահմանով տեղափոխվում են ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով, միջազգային փոստային առաքանիներով առաքման կամ այլ եղանակով.
Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման իրեր՝ ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում ու պիտակավորում և գտնվում են ուղեկցող բեռում, որոնց բնաիրային չափերը սահմանում է Կառավարությունը.
Միության արտաքին առևտուր` Միության անդամ պետութույնների կողմից Միության անդամ չհանդիսացող պետությունների հետ իրականացվող առևտուրը.
Միության փոխադարձ առևտուր` Միության անդամ երկրների միջև իրականացված առևտուրը.
վիճակագրական տարածք` այն տարածքը, որի նկատմամբ իրականացվում է վիճակագրական տվյալների հավաքումը:
2. Սույն օրենքում հասկացություններն օգտագործվում են Միության մաքսային օրենսդրությամբ, Միության իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքներով և օրենսդրական ակտերով սահմանված իմաստներով։
(5-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն, 23.03.18 ՀՕ-264-Ն, խմբ., լրաց. 17.04.20 ՀՕ-234-Ն)