Հոդված 16. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները
Հոդված 16. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները
Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորած պետական մարմին)՝
1) մշակում և իրականացնում է սոցիալական աջակցության բնագավառի միասնական պետական քաղաքականությունը.
2) ներկայացնում է առաջարկություններ՝ սոցիալական աջակցության զարգացման ուղղությունների և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին.
3) իրականացնում է սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների մեթոդական ղեկավարումը.
3.1) հաստատում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի օրինակելի կանոնադրությունը` դրանում սահմանելով տարածքային մարմնի աշխատողներին ներկայացվող մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջներ, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.
4) պետական վերահսկողություն է իրականացնում սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում.
5) ստուգում է այլ մարմիններից և կազմակերպություններից (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) տրված սոցիալական աջակցության տրամադրման համար իրավունքը հաստատող փաստաթղթ(եր)ի հավաստիությունը.
6) կազմակերպում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտացման դասընթացներ, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ.
7) սահմանված կարգով մասնակցում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության պետական կրթական չափորոշիչի ձևավորմանը.
8) հաստատում է սոցիալական աշխատանքի մասնագետների էթիկայի կանոնները.
9) հաստատում է տնային այցելություն կատարելու մեթոդական ցուցումները.
10) հանդես է գալիս հաճախորդի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.
11) տրամադրվող սոցիալական ծառայությունը սույն օրենքով սահմանված կարգին չհամապատասխանելու դեպքում`
ա) պահանջում է տեղեկատվություն՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններից տրամադրվող սոցիալական ծառայությունը սահմանված կարգին համապատասխանելու վերաբերյալ,
բ) պահանջ է ներկայացնում սոցիալական ծառայություններ տրամադրող մարմնին՝ սահմանված ժամկետում վերացնելու հայտնաբերված անհամապատասխանությունը,
գ) դիմում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի վերադասին՝ համապատասխան սոցիալական աշխատանքի մասնագետին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ.
12) սահմանում է սոցիալական ծառայությունների որակի վերահսկման հետադարձ կապի մեխանիզմները.
13) ստեղծում և վարում է սոցիալական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների և հաճախորդների անհատական տվյալների տեղեկատվական բազա.
14) ուսումնասիրում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների և սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների հետ կապված բողոքները, խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումներ դրանք վերացնելու ուղղությամբ:
(16-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-18-Ն)