Հոդված 19. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունները
Հոդված 19. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունները
Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը՝
1) հայտնաբերում է աղքատ ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հաշվառում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում.
2) օրենքով սահմանված կարգով իրականացնում է դրամական օգնության նշանակումը և վճարման կազմակերպումը.
3) պարզում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կազմում է հաճախորդի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրեր և դրանք իրականացնում ինքնուրույն կամ համագործակցելով համապատասխան կազմակերպությունների հետ.
5) հաշմանդամների սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիրը կազմելիս հաշվի է առնում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի իրավասու մարմնի կազմած հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը.
6) մասնակցում է մարզի, իր սպասարկման տարածքի համայնքների սոցիալական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.
7) ապահովում է քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, սոցիալական աջակցության մատչելիություն և համարժեքություն հաճախորդների անհատական պահանջմունքներին.
8) հանդես է գալիս հաճախորդի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.
9) համագործակցում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ.
10) մասնակցում է մուրացկանության և թափառաշրջության խնդիրների լուծման, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ այլ մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին.
11) քաղաքացիներին ապահովում է նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ, առավել խոր մասնագիտական օգնության կարիքի դեպքում նրանց կողմնորոշում այլ կազմակերպություններ, որտեղ կարող է ցուցաբերվել մասնագիտական օգնություն.
12) հաշվառում է խնամք ստանալու համար դիմած քաղաքացիներին, ուսումնասիրում նրանց ընտանեկան, սոցիալ-կենցաղային ու սոցիալ-տնտեսական պայմանները, աջակցում նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և ուղեգրում խնամք տրամադրող համապատասխան կազմակերպություն.
13) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ: