Հոդված 9
Հոդված 9
Գաղտնի պայմանագրեր
1. Մի Կողմի պետությունը, որը ցանկանում է Գաղտնի պայմանագիր կնքել մյուս Կողմի պետության Կոնտրակտորի հետ, կամ ցանկանում է լիազորել իր Կոնտրակտորներից մեկին գաղտնի նախագծի ներքո Գաղտնի պայմանագիր կնքել մյուս Կողմի պետության տարածքում, պետք է, իր Անվտանգության իրավասու մարմնի միջոցով, նախապես գրավոր հավաստագիր ստանա մյուս Կողմի պետության Անվտանգության իրավասու մարմնից այն մասին, որ առաջարկված Կոնտրակտորն ունի Օբյեկտում կամ հիմնարկությունում գաղտնի աշխատանքի թույլտվություն:
2. Սույն Համաձայնագրի ներքո կնքված յուրաքանչյուր Գաղտնի պայմանագիր պետք է ներառի հետևյալը.
ա) Կոնտրակտորի պարտավորությունը` երաշխավորելու, որ վերջինիս շինություններն անհրաժեշտ պայմաններ ունեն անվտանգության դրոշմագրման համապատասխան մակարդակի Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու և պահելու համար,
բ) Կոնտրակտորի պարտավորությունը` երաշխավորելու, որ Գաղտնի տեղեկատվության թույլտվություն պահանջող պարտականություններ իրականացնող անձինք ունեն Անձնակազմի գաղտնի աշխատանքի թույլտվություն,
գ) Կոնտրակտորի պարտավորությունը` երաշխավորելու, որ Գաղտնի տեղեկատվության մուտքի թույլտվություն ունեցող բոլոր անձինք տեղեկացված են ազգային օրենսդրության համաձայն գաղտնի տեղեկատվության պահպանության նկատմամբ իրենց պարտավորությունների մասին,
դ) Կոնտրակտորի պարտավորությունը` իրականացնելու իր շինությունների անվտանգության պարբերական ստուգումներ,
ե) Գաղտնի տեղեկատվության ցուցակ, ինչպես նաև այն բնագավառների ցուցակ, որտեղ Գաղտնի տեղեկատվությունը կարող է ի հայտ գալ,
զ) Գաղտնի տեղեկատվության անվտանգության դրոշմագրման մակարդակի ցանկացած փոփոխության մասին հաղորդակցման ընթացակարգ,
է) կապի միջոցների և փոխանցման էլեկտրոնային միջոցների ցուցակ,
ը) Գաղտնի տեղեկատվության տեղափոխման ընթացակարգ,
թ) Գաղտնի պայմանագրի հետ կապված Գաղտնի տեղեկատվության պահպանության համակարգման համար պատասխանատու համապատասխան լիազորված անհատների կամ իրավաբանական անձանց ցուցակ,
ժ) Կոնտրակտորի պարտավորությունը` ծանուցելու գաղտնի տեղեկատվության որևէ իրական կամ կասկածելի կորստի, արտահոսքի կամ չլիազորված գաղտնազերծման մասին,
ի) Կոնտրակտորի պարտավորությունը` փոխանցելու իր Անվտանգության իրավասու մարմնին Գաղտնի պայմանագրի օրինակը:
3. Կողմերից մեկի պետության տարածքում Կոնտրակտորի և մյուս Կողմի պետության տարածքում տեղակայված մեկ այլ Կոնտրակտորի միջև նախապայմանագրային բանակցությունները սկսելուն պես` ուղղված Գաղտնի պայմանագրի ստորագրմանը, Անվտանգության իրավասու մարմինը կտեղեկացնի մյուս Կողմի պետությանն այդ նախապայմանագրային բանակցություններին առնչվող Գաղտնի տեղեկատվությանը տրված անվտանգության դրոշմագրի մակարդակի վերաբերյալ:
4. Անվտանգության իրավասու մարմինների ներկայացուցիչները կարող են այցելել միմյանց` Գաղտնի պայմանագրում ներառված Գաղտնի տեղեկատվության պահպանության համար Կոնտրակտորի կողմից ընդունված միջոցների արդյունավետությունը վերլուծելու նպատակով: Այցելության համար ծանուցումը պետք է ներկայացվի առնվազն 20 (քսան) օր առաջ: