Հոդված 10
Հոդված 10
Այցելություններ
1. Կողմերից մեկի պետության քաղաքացիների այն այցելությունները մյուս Կողմի պետություն, որոնք կներառեն Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն, ենթակա են հյուրընկալող պետության Անվտանգության իրավասու մարմնի կողմից նախապես տրված գրավոր հաստատման:
2. Այցելությունները, որոնք կներառեն Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն, Կողմի պետության կողմից կթույլատրվեն մյուս Կողմի պետության այցելուներին միայն այն դեպքում, եթե նրանք ունեն Անձնակազմի գաղտնի աշխատանքի համապատասխան թույլտվություն և լիազորված են ստանալու կամ օգտվելու Գաղտնի տեղեկատվությունից` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան:
3. Այցելությունները, որոնք կներառեն երրորդ պետության քաղաքացիների կողմից Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն, կթույլատրվեն միայն Կողմերի պետությունների միջև ընդհանուր համաձայնությամբ իրենց Անվտանգության իրավասու մարմինների միջոցով:
4. Հյուրընկալող պետության Անվտանգության իրավասու մարմինը Անվտանգության մյուս իրավասու մարմնից պետք է ստանա այցելության հարցում` առնվազն 20 (քսան) օր առաջ:
5. Հրատապ դեպքերում, այցելության հարցումը պետք է փոխանցվի առնվազն 7 (յոթ) օր առաջ:
6. Այցելության հարցումը պետք է ներառի.
ա) այցելուի անունը և ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրն ու վայրը, ազգությունը, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի համարը,
բ) այցելուի կողմից ներկայացվող իրավաբանական անձի անվանումը,
գ) այցելող իրավաբանական անձի անվանումն ու հասցեն,
դ) այցելուի` Անձնակազմի գաղտնի աշխատանքի թույլտվությունը և դրա վավերականության հաստատումը,
ե) այցելության հիմքը և նպատակը,
զ) հարցվող այցելության նախատեսվող ժամկետը և տևողությունը: Պարբերական այցելությունների դեպքում կնշվի այցելությունների ընդհանուր տևողությունը,
է) Անվտանգության իրավասու մարմնի պաշտոնական դրոշմակնիքը, ստորագրությունը և ամսաթիվը:
7. Այցելության հարցման հաստատումից հետո, հյուրընկալող պետության Անվտանգության իրավասու մարմինը կտրամադրի այցելության հարցման պատճենը այցելող իրավաբանական անձի անվտանգության աշխատակիցներին:
8. Այցելության հաստատման վավերականությունը չպետք է գերազանցի մեկ տարին:
9. Կողմերի պետությունների Անվտանգության իրավասու մարմինները կարող են կազմել այն անհատների ցուցակը, որոնք լիազորված են իրականացնելու պարբերական այցելություններ: Ցուցակները վավեր են 12 (տասներկու) ամիս ժամանակահատվածով: Համապատասխան այցելությունների պայմանները այս անձանց կողմից ուղղակիորեն կհամաձայնեցվեն այցելվող իրավաբանական անձի համապատասխան կոնտակտային անձանց հետ` նախապես համաձայնեցված ժամկետներին և պայմաններին համապատասխան: