Հոդված 16
Հոդված 16
1. Սույն Համաձայնագրին համապատասխան` հարցումները կատարվում են գրավոր: Այդպիսի հարցումների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղեկցեն հարցմանը: Անհրաժեշտության դեպքում անհետաձգելի իրավիճակում կարող են ընդունվել բանավոր հայցեր, որոնք, սակայն, պետք է անհապաղ հաստատվեն գրավոր:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն կատարված հարցումները պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը.
ա) հայցող մաքսային ծառայության անվանումը,
բ) պահանջվող միջոցառումը,
գ) հարցման առարկան և պատճառը,
դ) օրենսդրությունը և այլ ընդգրկված իրավական տարրերը,
ե) հնարավորին չափ ճշգրիտ և սպառիչ տվյալներ հետազոտության առարկա հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ,
զ) գործին առնչվող փաստերի ամփոփագիրը` բացառությամբ սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված դեպքերի,
է) հայցվող օգնության և դրան առնչվող հարցման միջև կապը:
3. Հարցումները պետք է ներկայացվեն անգլերեն կամ հայցվող կողմի պաշտոնական լեզվով` անգլերեն կից թարգմանությամբ, և պետք է լինեն հայցվող կողմի տեխնիկական պահանջներին համապատասխան:
4. Եթե հայցը չի բավարարում սահմանված պահանջները, ապա կարող է պահանջվել, որ դա փոփոխվի կամ բերվի ավարտուն տեսքի: Դա չպետք է ազդի դրա հետ կապված կանխարգելիչ միջոցների ձեռնարկման վրա:
5. Հարցումների պատասխանները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմի պաշտոնական լեզվով` անգլերեն կից թարգմանությամբ:
6. Հայցող կողմը պետք է հաշվի առնի հայցվող կողմի նկատմամբ իր առաջացրած ծանրաբեռնվածությունը: Հայցվող կողմը կարող է ժամանակավոր կասեցնել (պաշտոնապես գրավոր ծանուցելով հայցող կողմին) գործընթացը, եթե հայցի ծավալը իր հնարավորության սահմաններից վեր է, մինչև Կողմերը փոխհամաձայնության գան տվյալ հարցի շուրջ:
7. Սույն Համաձայնագրում նշված տեղեկատվությունը պետք է փոխանցվի այն պաշտոնատար անձանց, որոնք յուրաքանչյուր մաքսային ծառայության կողմից հատուկ նշանակված են այդ նպատակների համար: Այդ նպատակի համար նշանակված պաշտոնատար անձանց ցուցակը Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների կողմից փոխանակվում և լրացվում է ամենաթարմ տվյալներով` սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան:
Օգնություն տրամադրելու պարտավորությունից ազատում