Հոդված 20. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունների դադարումը
Հոդված 20. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունների դադարումը
1. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունները դադարում են, եթե՝
ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրանց պատգամավորական լիազորությունները.
բ) նրանք տվել են հրաժարական՝ սույն հոդվածի համապատասխանաբար 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված կարգով:
2. Ազգային ժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է նիստը վարողին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո՝
ա) հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի նախագահի հրաժարականը համարվում է ընդունված.
բ) հրաժարականը կրկին չներկայացվելու դեպքում նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, իսկ հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի դիմումը համարվում է առ ոչինչ։
3. Ազգային ժողովի նախագահի տեղակալները հրաժարականի մասին իրենց դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով՝
ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.
բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված։
4. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումների նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են սույն օրենքի 97-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:
5. Ազգային ժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
6. Ազգային ժողովի նախագահի տեղակալի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
(20-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)