Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-04-14-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 26. Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 26. Հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը

1. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է պատգամավորներին:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության հարցը քննարկվում է սույն օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:

3. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե՝

ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.

բ) նա տվել է հրաժարական՝ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:

4. Մշտական հանձնաժողովի նախագահը հրաժարականի մասին իր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով՝

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված։

5. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովում ներկայացվում և քննարկվում է սույն օրենքի 97-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված կարգով:

6. Մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

7. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ, ենթահանձնաժողովի և աշխատանքային խմբի ղեկավարներ ընտրում է համապատասխան հանձնաժողովը՝ իր որոշմամբ:

8. Հանձնաժողովի նախագահը՝

ա) նախապատրաստում և վարում է հանձնաժողովի նիստերը.

բ) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

գ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

դ) համակարգում է ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքը.

ե) ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը.

ե.1) ներկայացնում է հանձնաժողովը.

զ) ընթացք է տալիս և պատասխանում հանձնաժողովին ուղղված դիմումներին.

է) ղեկավարում է հանձնաժողովի փորձագետների (մասնագետների) աշխատանքը։

ը) հանձնաժողովի, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերում հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրում է մասնագետների.

թ) հանձնաժողովին իրազեկում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքի մասին.

ժ) համակարգում է հանձնաժողովի աշխատանքները մյուս հանձնաժողովների և Աշխատակազմի հետ:

9. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

(26-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-113-Ն, խմբ., լրաց. 23.11.08 ՀՕ-182-Ն)

(26-րդ հոդվածը ՀՕ-182-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։