Հոդված 9. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 9. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 66. Ընտրողի ինքնությունն ստուգելը, ընտրողների գրանցումը
1. Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում (քվեարկում) են զորամասի կազմված ընտրողների ցուցակում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ է համարվում սույն օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթերից որևէ մեկը:
2. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է:
Յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով: Եթե ընտրողը ներկայացրել է այլ անձի անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետն այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:
3. Եթե ընտրողը ներկայացրել է անձնագիր կամ նույնականացման քարտ, ապա մասնագետը ներկայացված փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ, որն ավտոմատ եղանակով ընթերցում է անձը հաստատող փաստաթղթի համարը:
Եթե ընտրողը ներկայացրել է անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, կամ ներկայացված անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման կողմից չի ընթերցվում, կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողը ներկայացրել է քաղաքացիություն չունեցող ընտրողի համար սահմանված՝ անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետը ստեղնաշարով ներմուծում է ներկայացված փաստաթղթում ամրագրված անձնագրի կամ նույնականացման քարտի կամ քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը տեխնիկական սարքավորման մեջ:
4. Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաև այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված այդ ընտրողը: Ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից:
Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական սարքավորումում առկա տեղեկություններից պարզվում է, որ ընտրողն ունի այլ՝ վավերականության ժամկետը չլրացած, անձը հաստատող փաստաթուղթ:
5. Եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և առ այդ պահն անձը հաստատող որևէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում են տվյալ ընտրողի լուսանկարը, ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, և տեխնիկական սարքավորումը թույլատրում է ընտրողին ներմուծել մատնահետքը:
6. Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կարմիր նշան, և մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:
7. Ընտրողը ներմուծում է իր աջ կամ ձախ ձեռքի ցուցամատի մատնահետքը տեխնիկական սարքավորման մեջ: Տեխնիկական սարքավորումը ներմուծված մատնահետքը համեմատում է այդ ընտրողի` էլեկտրոնային ցուցակում առկա մատնահետքերի հետ: Եթե մատնահետքը համընկնում է, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան, և տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում են ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը:
Եթե տեխնիկական սարքավորումը ընտրողի մատնահետքը չի ճանաչում, ապա ներմուծվում է մյուս ձեռքի ցուցամատի մատնահետքը: Եթե էլեկտրոնային ցուցակում առկա են այդ ընտրողի այլ մատնահետքեր, ապա ընտրողը ներմուծում է մյուս մատերի մատնահետքերը, մինչև տեխնիկական սարքավորումը չճանաչի որևէ մատնահետք: Եթե, այնուամենայնիվ, որևէ մատնահետք չի ճանաչվում, ապա ընտրողի գրանցումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Այդ դեպքում մասնագետի համապատասխան հրահանգով տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում են ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը:
8. Եթե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողը ներկայացրել է քաղաքացիություն չունեցող ընտրողի համար սահմանված՝ անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետը ստեղնաշարով ներմուծում է անձը հաստատող փաստաթղթի համարը տեխնիկական սարքավորման մեջ:
Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը գրանցված է տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, և եթե առ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան, և տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում են ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը:
Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաև այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված այդ ընտրողը: Ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից:
Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կարմիր նշան, և մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:
9. Անատոմիական առանձնահատկություններից ելնելով՝ մատնահետքը ստանալու անհնարինության դեպքում մատնահետքի ներմուծման քայլը բաց է թողնվում, և մասնագետի համապատասխան հրահանգով տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում են ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը:
10. Մասնագետը տպված քվեարկության կտրոնն ընտրողի անձը հաստատող փաստաթղթի հետ վերադարձնում է ընտրողին, որից հետո ընտրողը մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի համապատասխան անդամին: Ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամն ընտրողից վերցնում է քվեարկության կտրոնը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տողը և իր անհատական կնիքն է դնում համապատասխան սյունակում, որից հետո անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը և այն փոխանցում ընտրողին:
11. Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքավորման կիրառման իրականացվում է հետևյալ դեպքերում.
1) զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկություն.
2) քրեակատարողական հիմնարկում քվեարկություն.
3) շրջիկ արկղով քվեարկություն.
4) քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկություն.
5) տեխնիկական սարքավորման խափանման կամ չլինելու պարագայում՝ քվեարկություն:
12. Ընտրողներին առանց տեխնիկական սարքավորման կիրառման գրանցելու դեպքում հանձնաժողովի համապատասխան անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տվյալները (քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկելու դեպքում լրացնում է ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը), լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:
Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում սույն մասով սահմանված կարգով գրանցվելուց հետո մասնագետը տեխնիկական սարքավորման մեջ ներմուծում է, թե որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում, որից հետո ընտրողը ներմուծում է իր մատնահետքը: Այդ գործողություններից հետո տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոն, որը պարունակում է, թե որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում և քվեարկության կտրոնի հերթական համարը: Մասնագետը կտրոնը փոխանցում է ընտրողին:
Սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովի համապատասխան անդամը լրացնում է համարակալված կտրոն՝ վրան նշելով, թե որ ցուցակի ընտրող է, ցուցակում ընտրողի հերթական համարը, անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը և այն փոխանցում ընտրողին:
Սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքում ընտրողին քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու դեպքում հանձնաժողովի անդամն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել նաև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու վերաբերյալ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի նշումները:
13. Համարակալված կտրոնի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
14. Սույն հոդվածով սահմանված դեպքերում տեխնիկական սարքավորման միջոցով տպվող քվեարկության կտրոնում նշված տվյալները երևում են նաև տեխնիկական սարքավորման էկրանին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է սահմանել տեխնիկական սարքավորման էկրանի վրա լրացուցիչ տվյալներ հայտնվելու և քվեարկության կտրոնի վրա լրացուցիչ տվյալներ տպելու պահանջներ:»: