Հոդված 13. Մրցույթի անցկացումը
Հոդված 13. Մրցույթի անցկացումը
1. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) մրցույթը հայտարարում է Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90, և ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում` 30 օրվա ընթացքում։
2. Հայտարարությունը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների, Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքերում (այսուհետ՝ պաշտոնական կայքեր):
3. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները.
1) թեկնածուներին ներկայացվող պահանջները.
2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
3) մրցույթի անցկացման պայմանները, այդ թվում՝ թեստի նմուշը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը.
4) փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը և վայրը:
4. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը (այսուհետ՝ հավակնորդ) հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում աշխատակազմ է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր), ինչպես նաև իր բնակության և էլեկտրոնային փոստի հասցեները:
5. Փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն կամ ուղարկվել փոստով:
6. Փաստաթղթերն ընդունելու նպատակով աշխատակազմում վարվում է համապատասխան գրանցամատյան:
7. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են սահմանված ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչև սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալը:
8. Փոստով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:
9. Փաստաթղթերի թերությունները հավակնորդը կարող է վերացնել փաստաթղթերը ներկայացնելու համար սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում:
10. Մրցույթն անցկացվում է երեք փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային ստուգման) փուլն է, երկրորդը՝ թեստավորման, իսկ երրորդը՝ հարցազրույցի:
11. Մրցույթի փաստաթղթային ստուգման փուլում Խորհուրդը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը, դրանց համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաև փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը Խորհրդի որոշման հիման վրա պարզվում է աշխատակազմի միջոցով: Խորհրդի որոշման հիման վրա աշխատակազմի միջոցով ստացվում են նաև թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ: Խորհրդի տեղեկացմամբ հավակնորդը կարող է մասնակցել փաստաթղթային ստուգման փուլին:
12. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հավակնորդին այդ մասին ծանուցում է աշխատակազմը մեկ օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:
13. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված գործողությունների արդյունքներով՝ Խորհուրդը կազմում է մրցույթի թեստավորման փուլ անցած անձանց (այսուհետ՝ թեստավորման մասնակիցներ) ցուցակը, որի մասին վերջիններս ծանուցվում են ցուցակը կազմելուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իրենց ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեներով:
14. Խորհուրդը թեստավորման մասնակիցների ցուցակը, ինչպես նաև թեստավորման անցկացման օրը, ժամը և վայրը հրապարակում է պաշտոնական կայքում:
15. Թեստերը կազմում է Խորհուրդը: Թեստերում ընդգրկված հարցերի բնագավառների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև թեստերի նմուշը ոչ ուշ, քան թեստավորումից տասն օր առաջ հրապարակվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
16. Յուրաքանչյուր թեստ բաղկացած է 100 հարցից, որոնց լուծման համար թեստավորման մասնակցին տրվում է երկու ժամ:
17. Թեստավորումն անցկացվում է թեստավորման մասնակիցների համար ծածկագրի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:
18. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից, որոնք ունեն ենթադրյալ պատասխաններ: Թեստավորման յուրաքանչյուր հարց կարող է ունենալ մեկ կամ մեկից ավելի ճիշտ պատասխան:
19. Թեստավորման արդյունքում յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Եթե հարցն ունի մեկից ավելի ճիշտ պատասխան, ապա հարցի պատասխանը գնահատվում է ճիշտ միայն այն դեպքում, եթե թեստավորման մասնակիցը նշել է բոլոր ճիշտ պատասխանները: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխանի նշումը, որևէ պատասխան չնշելը կամ ոչ բոլոր ճիշտ պատասխանները նշելը:
20. Թեստավորման փուլի արդյունքների մասին թեստավորման մասնակիցը տեղեկացվում է ոչ ուշ, քան թեստավորման փուլի ավարտին հաջորդող երեք ժամվա ընթացքում:
21. Թեստավորման մասնակիցը թեստավորման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել Խորհրդին՝ արդյունքներն ստանալուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է նույն օրը: Խորհուրդն իրավունք չունի իջեցնելու թեստավորման մասնակցի գնահատականը:
22. Եթե Խորհուրդը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ թեստավորման մասնակցի բողոքը հիմնավոր է, ապա բավարարում է թեստավորման մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:
23. Եթե Խորհուրդը որոշում է բավարարել թեստավորման մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարց կամ ենթադրյալ պատասխանը, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած թեստավորման բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով, եթե նրանց կատարած սխալը պայմանավորված էր տվյալ սխալ հարցով կամ ենթադրյալ պատասխանով:
24. Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին (իննսուն հարցին) ճիշտ պատասխանած թեստավորման մասնակիցները:
25. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում բողոքարկման նախատեսված ժամկետի ավարտից անմիջապես հետո Խորհուրդը կազմում է մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց (այսուհետ՝ հարցազրույցի մասնակիցներ) ցուցակը, որի մասին թեստավորման մասնակիցները ծանուցվում են ցուցակը կազմելուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իրենց ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեներով:
26. Խորհուրդը հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
27. Հարցազրույցի փուլում Խորհրդի նիստին ներկա յուրաքանչյուր անդամ, Խորհրդի հաստատած չափանիշներին և կարգերին համապատասխան, գնահատում է հարցազրույցի մասնակիցներից յուրաքանչյուրին:
28. Մրցույթի հարցազրույցի փուլին կարող են ներկա լինել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Խորհրդի սահմանած կարգին համապատասխան:
29. Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած հարցազրույցի մասնակիցը (մասնակիցները) ընդգրկվում է (են) մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում (այսուհետ՝ ցուցակ):
30. Յուրաքանչյուր հարցազրույցի մասնակցի գնահատման և (կամ) Խորհրդում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն:
31. Խորհուրդը ցուցակը կազմելուն հաջորդող օրը Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է թեկնածուների ցուցակը:
32. Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ծանոթանալ մրցույթի անցկացման ընթացքում ձեռք բերված կամ կազմված՝ իրեն վերաբերող փաստաթղթերին: