Հոդված 25. Հայտարարագրերի ստուգումը և վերլուծությունը
Հոդված 25. Հայտարարագրերի ստուգումը և վերլուծությունը
1. Հանձնաժողովն իրականացնում է՝
1) հայտարարագիր լրացնելու և ներկայացնելու պահանջների պահպանման ստուգում.
2) հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում.
3) հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն.
4) ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն:
2. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում Հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր և ստանալու դրանք, բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
3. Տեղեկությունները և փաստաթղթերը Հանձնաժողովին տրամադրվում են անվճար՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում, որը չի կարող գերազանցել 30 օրը։ Կենտրոնական դեպոզիտարիան և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք, ինչպես նաև վարկային բյուրոները տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրում են անվճար՝ Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:
4. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում ապահովվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված տեղեկատվական բազաների հետ Հանձնաժողովի տեղեկատվական բազայի փոխգործարկելիությունը և հայտարարագրման ենթակա տվյալներին Հանձնաժողովի առցանց հասանելիությունը:
5. Հանձնաժողովն իրավասու է իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարելու անվճար փորձաքննություններ և ներկայացնելու դրանց արդյունքները։
6. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում Հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների կամ կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:
7. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական չէ կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը տասը, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ:
8. Ստացված եկամուտը սույն օրենքի իմաստով չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է 2.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել է կանխիկ ձևով:
9. Եթե հայտարարատուն սահմանված ժամկետում չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա Հանձնաժողովը նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին:
10. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը: