Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-20-ից մինչև 2019-10-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 21. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը

գործել է մինչև 2019-10-19Բացել ARLIS-ում

Հոդված 21. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը

1. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:

2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առնվազն երկու անդամի պահանջով: Հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է Հանձնաժողովը:

3. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս պատճառել պետական անվտանգությանը, անձնական կյանքին կամ օրենքով պաշտպանվող այլ իրավաչափ շահերի: Դռնփակ նիստն անցկացվում է Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ:

4. Նիստերի անցկացման վայրի, օրվա, ժամի, քննարկման ենթակա հարցերի մասին հայտարարում է Հանձնաժողովը՝ աշխատակարգին համապատասխան: Հանձնաժողովի նիստերին հրավիրվում են շահագրգիռ անձինք:

5. Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է Հանձնաժողովի առնվազն երեք անդամ:

6. Նիստի օրակարգը հրապարակում է նիստը վարողը և առաջարկում է օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման հաջորդականությունը: Նիստի օրակարգը և նյութերը նախապես տրամադրվում են Հանձնաժողովի անդամներին:

7. Նիստի օրակարգը հաստատում է Հանձնաժողովը՝ քվեարկությամբ:

8. Նիստի օրակարգում լրացուցիչ հարց կարող է ընդգրկվել, կամ հարցը կարող է հանվել նիստի օրակարգից, կամ դրա քննարկումը կարող է հետաձգվել նիստը վարողի կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

9. Նիստին հրավիրված անձինք նիստը վարողի թույլտվությամբ մասնակցում են համապատասխան հարցի քննարկմանը:

10. Նիստը նշանակված օրը չավարտվելու դեպքում շարունակվում է վարողի սահմանած այլ ժամկետում:

11. Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունում է որոշում կամ եզրակացություն:

12. Էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների, իրավիճակային շահերի բախման հարցերով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների (այսուհետ՝ համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներ) եզրակացությունների վերանայման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է եզրակացություններ:

Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ հարցերով Հանձնաժողովն ընդունում է որոշումներ:

13. Հանձնաժողովի եզրակացություններն ու որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

14. Բանավոր որոշման մասին նշվում է նիստի արձանագրության մեջ:

15. Օրենքով սահմանված դեպքերում Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունվում են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

16. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է անձամբ՝ տվյալ որոշմանը կամ եզրակացությանը կողմ կամ դեմ: Քվեարկությանը չի մասնակցում Հանձնաժողովի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը:

17. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ:

18. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները դրանց ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների պահպանմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։