Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2013-06-17։Բացել գործող տեքստը
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 15 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 115. Որակավորման ստուգումը

գործել է մինչև 2013-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 115. Որակավորման ստուգումը

1. Դատարանների նախագահների խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում առկա թեկնածուների թվաքանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում չի գերազանցում հաջորդ տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը 2-ով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1-ով: Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակի հաշվարկը կատարվում է քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը 2 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1 թեկնածուով գերազանցող թվաքանակի հաշվարկով: Վճռաբեկ դատարանի նախագահը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 10-ը հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումներ անցկացնելու մասին:

2. Որակավորման ստուգումը կատարվում է մրցութային կարգով` գրավոր քննությունների արդյունքներով:

3. Դատական դպրոցի կառավարման խորհուրդը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 30-ը սահմանում և հրապարակում է գրավոր քննությունների տեսակը, անցկացման կարգը, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման և բողոքարկման ընթացակարգերը, գրավոր աշխատանքների գնահատականների հիման վրա հավակնորդի հանրագումարային միավորի հաշվարկման կարգը: Որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքները իրականացնում է Դատական դպրոցի տնօրենը:

4. Որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 22-ից 60 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ստացել են բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, տիրապետում են հայերենին, սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի հիման վրա զրկված չեն Դատական դպրոց դիմելու իրավունքից, և որոնք համապատասխանում են սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

5. Հայտերը ներկայացվում են Դատական դպրոցի տնօրենին մինչև հոկտեմբերի 25-ը:

6. Հայտերի հետ նշված անձինք ներկայացնում են համաձայնություն` իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

7. Հավակնորդը պարտավոր է ներկայացնել նաև`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.

3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդներ են).

5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:

8. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև Դատական դպրոցի կառավարման խորհրդի սահմանած ձևի երաշխավորագիր-նամակներ:

9. Դատական դպրոցի տնօրենը կարող է ստուգել ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը:

10. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք Դատական դպրոցի տնօրենի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատական դպրոցի տնօրենի կողմից հայտի ընդունումը մերժվելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել վարչական դատարան մերժումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարչական դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

11. Դատական դպրոցի տնօրենի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և որակավորման ստուգումների` սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:

12. Դատական դպրոցի տնօրենի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչելու դեպքում հայտատուն իրավունք ունի անցնելու որակավորման ստուգումը, իսկ եթե որակավորման ստուգման անցկացումն սկսվել է, ապա հայտատուն իրավունք ունի առանց նոր հայտ ներկայացնելու մասնակցելու հաջորդ որակավորման ստուգմանը:

13. Որակավորման ստուգումը և արդյունքների ամփոփումը, այդ թվում` որակավորման արդյունքների բողոքարկումը, պետք է իրականացվեն նոյեմբերի 1-ից 15-ը:

(115-րդ հոդվածը խմբ. 26.05.11 ՀՕ-211-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։