Հոդված 50. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակը և իրավասությունը
Հոդված 50. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակը և իրավասությունը
1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը: Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը:
2. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանների դատական ակտերը: Վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով։
3. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ՝
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար, կամ
2) վերանայվող դատական ակտը առերևույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված որոշումներին, կամ
3) ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ, կամ
4) եթե առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված:
5. Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ստորադաս դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը և վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:
6. Վճռաբեկ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:
7. Վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
8. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
(50-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-235-Ն, փոփ., լրաց. 28.10.10 ՀՕ-136-Ն, խմբ. 04.10.10 ՀՕ-140-Ն)