Հոդված 11. Պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհուրդը
Հոդված 11. Պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհուրդը
1. Պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհուրդը (այսուհետ՝ Հանրային խորհուրդ) Պետական խորհրդի, վիճակագրական կոմիտեի նախագահի և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների՝ հասարակական հիմունքներով գործող հիմնական խորհրդատվական մարմին է՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի մասով:
2. Հանրային խորհուրդը կազմված է 11 անդամից, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտների օգտագործողների: Պետական հատվածի ներկայացուցիչները չպետք է հանրային խորհրդում մեծամասնություն կազմեն:
3. Վիճակագրական կոմիտեի նախագահն ի պաշտոնե Հանրային խորհրդի անդամ է: Վիճակագրական կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է Հանրային խորհրդի քարտուղարության գործառույթները:
4. Հանրային խորհրդի անդամները, բացառությամբ վիճակագրական կոմիտեի նախագահի, նշանակվում և ազատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ պաշտոնական վիճակագրության հիմնական օգտագործողներ հանդիսացող պետական մարմինների՝ դրամավարկային, հարկաբյուջետային, տնտեսական և սոցիալ-ժողովրդագրական քաղաքականության լիազոր մարմինների և պաշտոնական վիճակագրության այլ օգտագործողների՝ գիտակրթական հաստատությունների ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացմամբ:
5. Հանրային խորհրդի կազմում փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
6. Հանրային խորհուրդն իր կազմից ընտրում է հանրային խորհրդի նախագահ, որը չի կարող լինել պետական մարմնի ներկայացուցիչ:
7. Հանրային խորհրդին օրենքով վերապահված են հետևյալ իրավասությունները.
1) ներկայացնում է առաջարկություններ վիճակագրական ծրագրերում հասարակության առաջնահերթ տեղեկատվական պահանջմունքների արտացոլման ուղղությամբ, վիճակագրական ծրագրերի իրականացման և ռազմավարական զարգացման վերաբերյալ.
2) խորհրդատվություն է մատուցում պաշտոնական վիճակագրության սկզբունքների պահպանման վերաբերյալ.
3) Պետական խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հանրային խորհրդի աշխատակարգը.
4) առաջարկություններ է ներկայացնում վիճակագրական ծրագրերի վերաբերյալ.
5) գրավոր կարծիք է ներկայացնում վիճակագրական ծրագրերի կատարման հաշվետվությունների վերաբերյալ:
8. Հանրային խորհուրդը կարող է կազմակերպել քննարկումներ և տալ խորհրդատվություն ազգային վիճակագրական համակարգի ներսում համագործակցության արդյունավետության վերաբերյալ: