Հոդված 14. Ազգային վիճակագրական ծրագրերի կազմումը
Հոդված 14. Ազգային վիճակագրական ծրագրերի կազմումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են:
2. Վիճակագրական ծրագրերը ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:
3. Վիճակագրական ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու նպատակով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պաշտոնական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:
4. Վիճակագրական ծրագրերը մշակվում են պաշտոնական վիճակագրության օգտագործողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:
5. Հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերը մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար:
6. Վիճակագրական կոմիտեն պատասխանատու է վիճակագրական ծրագրեր կազմելու համար՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների, օգտագործողների, ռեսպոնդենտների և վարչական տվյալներ տրամադրողների հետ:
7. Պետական խորհուրդը վիճակագրական ծրագրերի մեջ այլ արտադրողների, նրանց ծրագրավորած արդյունքների և համապատասխան միջոցառումների ներառման մասին որոշումներն ընդունում է թափանցիկ փաստաթղթավորված գործընթացի հիման վրա՝ ղեկավարվելով հետևյալ չափանիշներով.
1) արտադրողը պաշտոնական գրությամբ Պետական խորհրդին իրազեկում է սույն օրենքի դրույթների և սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահպանման ունակության և պատրաստակամության մասին.
2) ծրագրավորվող արդյունքները և միջոցառումները չեն կրկնօրինակում այլ արտադրողների արդյունքներն ու միջոցառումները և չեն հանգեցնում ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության ավելացմանը:
8. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրագործվող պաշտոնական վիճակագրության միջոցառումները ծրագրերում ներառվում են ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացված տեղեկատվության:
9. Վիճակագրական կոմիտեն, սերտորեն համագործակցելով պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների հետ, պատասխանատու է տարեկան վիճակագրական ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնելու համար՝ անհրաժեշտության դեպքում ներառելով նաև բարելավման միջոցառումներ:
10. Հաշվետվությունները ներկայացվում են Պետական խորհրդի հաստատմանը: Կատարման վերաբերյալ հաշվետվությունները և Հանրային խորհրդի գրավոր կարծիքը կրում են հրապարակային բնույթ: