Հոդված 29. Որակի ապահովման հանձնառությունը
Հոդված 29. Որակի ապահովման հանձնառությունը
1. Պաշտոնական վիճակագրություն արտադրողները պարտավոր են մշտապես գնահատել և բարելավել պաշտոնական վիճակագրության որակը՝ արդիականության, ճշգրտության, հուսալիության, օպերատիվության, ճշտապահության, թափանցիկության, պարզության, ներդաշնակության և համադրելիության տեսանկյունից:
2. Որակի երաշխավորման նպատակով պաշտոնական վիճակագրության մշակումը, արտադրությունն ու տարածումն իրականացվում են միասնական ստանդարտների և ներդաշնակեցված մեթոդների հիման վրա, որոնք վերաբերում են պաշտոնական վիճակագրության ընդգրկմանը, հայեցակարգերին, սահմանումներին, միավորներին և դասակարգումներին: Այդ աշխատանքն իրականացվում է սույն օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված հիմնարար սկզբունքներին և միջազգայնորեն համաձայնեցված վիճակագրական ստանդարտներին և ուղեցույցներին համապատասխան:
3. Պաշտոնական վիճակագրության որակի բարելավման նպատակով պաշտոնական վիճակագրություն արտադրողներն իրավունք ունեն խմբագրելու և ստուգաճշտելու տվյալները, համատեղելու տարբեր աղբյուրների տվյալները, իրականացնելու անվանական տվյալների կապակցում և համադրում բացառապես վիճակագրական նպատակներով և կիրառելու գնահատման և բացերի վերացման վիճակագրական մեթոդներ:
4. Պաշտոնական վիճակագրություն արտադրողներն ստանդարտ եղանակով փաստաթղթավորում են արտադրության գործընթացում կիրառվող աղբյուրներն ու մեթոդները, ինչպես նաև տվյալների վերջնական հավաքածուները: Օգտագործողները տեղեկացվում են վիճակագրական արտադրության բոլոր աղբյուրների և մեթոդների մասին, ինչպես նաև տարածվող վիճակագրական նյութերի որակի մասին՝ մեթատվյալների օգնությամբ: