Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) վիճակագրական նպատակներով օգտագործում՝ տվյալների բացառիկ օգտագործում պաշտոնական վիճակագրության մշակման և արտադրության, վիճակագրական ծառայությունների մատուցման նպատակով, ներառյալ՝ սույն օրենքով կարգավորվող ողջ գործունեությունը.
2) վիճակագրական տվյալներ՝ վիճակագրական նպատակներով հավաքված և վիճակագրական ծրագրերով տարածված տվյալներ.
3) վիճակագրական հետազոտություն՝ պաշտոնական վիճակագրություն արտադրողի կողմից վիճակագրական մեթոդաբանության պարբերական կիրառման հիման վրա ռեսպոնդենտների որոշակի համակցությամբ անվանական տվյալների սկզբնական հավաքում` բացառապես վիճակագրական նպատակներով.
4) վարչական տվյալներ՝ տվյալներ, որոնք հավաքված են վարչական նպատակներով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կամ նրանց անունից, որոնք այլ են, քան պաշտոնական վիճակագրության արտադրողներինը, և որոնց հավաքման իրավական հիմքն այլ է, քան վիճակագրական օրենսդրությունը.
5) վիճակագրական միավոր՝ վիճակագրական բնութագրիչների կրող.
6) անվանական տվյալներ՝ վիճակագրական միավորին բնութագրող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի նույնականացնել նրան.
7) նույնացուցիչ՝ խորհրդանիշների հաջորդականություն, որն ապահովում է վիճակագրական միավորի եզակիության նույնականացումը՝ իր անվան, գտնվելու և գործունեության վայրերի կամ նույնականացման համարի հիման վրա: Նույնացուցիչը կարող է ապահովել ուղղակի նույնականացում, այսինքն՝ վիճակագրական առանձին միավորի նույնականացում միայն մեկ նույնացուցիչի կամ նույնացուցիչների համակցության հիման վրա: Այլ միջոցներով տեղի ունեցող նույնականացումը անուղղակի նույնականացում է: Անուղղակի նույնականացում է համարվում, երբ վիճակագրական միավորի անհատականությունը հնարավոր է լինում պարզել անվանական տվյալների բացակայության ժամանակ, սակայն այլ լրացուցիչ տվյալների միջոցով, ժամանակի, ծախսերի և մարդկային ռեսուրսների գործադրման ողջամիտ պայմաններում.
8) ագրեգացված տվյալներ՝ մեկից ավելի ռեսպոնդենտների վերաբերյալ անվանական տվյալների հանրագումարային, այդ թվում՝ միջինացված ամփոփ տվյալներ.
9) արտադրություն՝ պաշտոնական վիճակագրություն կազմելու նպատակով անհրաժեշտ բոլոր գործողությունները, որոնք կապված են տվյալների հավաքման, պահպանման, մշակման և վերլուծության հետ.
10) մշակում՝ պաշտոնական վիճակագրության արտադրության և տարածման համար կիրառվող վիճակագրական մեթոդների, հայեցակարգերի, ստանդարտների ու ընթացակարգերի ստեղծմանը, բարելավմանը և կատարելագործմանն ուղղված գործունեություն.
11) մեթատվյալներ՝ մեթոդաբանական փաստաթղթեր, որոնք նկարագրում են վիճակագրական տվյալները և վիճակագրական գործընթացները ստանդարտացված ձևով՝ տվյալների աղբյուրների, մեթոդաբանությունների, սահմանումների, դասակարգումների և տվյալների որակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման եղանակով.
12) տարածում՝ վիճակագրական տվյալների, վիճակագրական ծառայությունների և մեթատվյալների՝ օգտագործողների համար հասանելի դառնալը.
13) վերանայված վիճակագրություն՝ տարածված պաշտոնական վիճակագրության վերանայում՝ ռեսպոնդենտների կատարած ճշգրտումների, պաշտոնական վիճակագրություն կազմելու նպատակով լրացուցիչ գործողությունների, մեթոդաբանական, այդ թվում՝ սահմանումների, դասակարգումների և տեղեկատվության աղբյուրների փոփոխությունների արդյունքով.
14) թողարկում՝ պաշտոնական վիճակագրական, այդ թվում՝ վերանայված, տվյալների առաջին հրապարակային տարածումը: