Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) կրծքով կերակրման խրախուսում` միջոցառումներ՝ ուղղված մանուկներին և վաղ տարիքի երեխաներին մայրական կաթով կերակրելուն.
2) մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառություն` մանկական սննդի և հարակից ապրանքների արտադրություն, պիտակավորում, վաճառք, բաշխում, գովազդ, ինչպես նաև դրանց մասին իրազեկման և տեղեկությունների տարածում.
3) մանկական կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է մանուկների կերակրման համար` ծննդյան պահից մինչև 6 ամսական տարիքը.
4) վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է 6 ամսականից բարձր տարիքի մանուկների և վաղ տարիքի երեխաների կերակրման համար.
5) հավելյալ սնունդ` 6 ամսականից բարձր մանուկների և վաղ տարիքի երեխաների սնունդ՝ նախատեսված ի հավելումն կրծքի կաթի կամ վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների օգտագործմանը.
6) լրացուցիչ սնունդ` բժշկական ցուցումներով կամ մայրական կաթի անբավարարության դեպքում մանուկների և վաղ տարիքի երեխաների համար նախատեսված կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչներ.
7) մանկական սնունդ` մանուկների և վաղ տարիքի երեխաների համար նախատեսված սնունդ, որը ներառում է մանկական կաթնախառնուրդը, վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդը և հավելյալ սնունդը.
8) հարակից ապրանքներ` մանկական սնունդը սպառողին հասցնելու և (կամ) երեխային կերակրելու համար նախատեսված միջոցներ և պարագաներ, այդ թվում` կերակրման շշեր և երեխաներին կերակրելու կամ հանգստացնելու նպատակով օգտագործվող արհեստական ծծակներ.
9) մանուկ` մինչև 12 ամսական երեխա.
10) վաղ տարիքի երեխա` 12 ամսականից մինչև 3 տարեկան (36 ամսական) երեխա.
11) արտադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն զբաղվում է մանկական սննդի և հարակից ապրանքների արտադրությամբ.
12) բաշխող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն զբաղվում է մանկական սննդի և հարակից ապրանքների մեծածախ և (կամ) մանրածախ վաճառքով և դրանց սպառման խրախուսմամբ.
13) մանկական սննդի և հարակից ապրանքների խրախուսում` մանկական սննդի և հարակից ապրանքների սպառման ուղղակի կամ անուղղակի նպատակաուղղված գործունեություն.
14) մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշ` խրախուսման նպատակով մանկական սննդի և հարակից ապրանքների անվճար տրամադրվող մեկ միավոր կամ փոքր քանակություն.
15) մանկական սննդի և հարակից ապրանքների պիտակ` նշագրում, նշան, պատկերավոր կամ այլ նկարագրական նյութ` գրված, տպված, զարդանախշված, տրաֆարետով ներկված, դրոշմված, քանդակադրոշմված, որը փակցված է կամ այլ ձևով հանդես է գալիս մանկական սննդի և հարակից ապրանքների վրա.
16) նորածիններին բարյացակամ ծառայություններ` առողջապահական կազմակերպություններում հղի կանանց, մայրերի և մանուկների խնամքին, զարգացմանը և կրծքով կերակրմանը նպաստելուն ուղղված միջոցառումներ.
17) առողջապահական կազմակերպություն` առողջապահական բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություն: