Հոդված 12. Մանկական սննդի և հարակից ապրանքների գովազդը և խրախուսումը
Հոդված 12. Մանկական սննդի և հարակից ապրանքների գովազդը և խրախուսումը
1. Մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդը և (կամ) խրախուսման այլ ձևերն արգելվում են:
2. Խրախուսման արգելված այլ ձևերն ընդգրկում են՝
1) հատուկ ցուցահանդես-վաճառքները, շնորհանդեսները, շահումները, պարգևների, մրցանակների, նվերների շնորհումը, զեղչի կտրոնների կիրառումը, ինչպես նաև զեղչային կամ որևէ այլ խրախուսական նպատակներ հետապնդող գնային քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, ցուցադրումը, տարածումը կամ այլ ձևով հրապարակայնորեն հասանելի դարձնելը.
2) մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշների տրամադրումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
3. Հավելյալ սննդի գովազդը թույլատրվում է միայն այն դեպքերում, եթե`
1) չի գովազդվում առողջապահական կազմակերպություններում.
2) հավելյալ սննդի մասին տրամադրվող ցանկացած տեղեկություն խրախուսում է բացառապես կրծքով կերակրումը կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում և շարունակական կրծքով կերակրումը մինչև երկու տարեկան հասակը: