Հոդված 38. Քաղաքացիական ծառայության կազմակերպումը և ղեկավարումը
Հոդված 38. Քաղաքացիական ծառայության կազմակերպումը և ղեկավարումը
1. Քաղաքացիական ծառայության ղեկավարումը, միասնականությունը սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ապահովում է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը:
2. Քաղաքացիական ծառայության գրասենյակը հաշվետու է վարչապետին, Կառավարությանը և համակարգող փոխվարչապետին:
3. Քաղաքացիական ծառայության գրասենյակը՝
1) իրականացնում է համապատասխան մարմինների մարդկային ռեսուրսների կառավարման մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը.
2) ուսումնասիրում և վերլուծում է համապատասխան մարմիններում հանրային ծառայության օրենսդրության կիրառման պրակտիկան, մշակում և Կառավարության, վարչապետի և համակարգող փոխվարչապետի քննարկմանն է ներկայացնում հանրային ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը.
3) իրականացնում է վերլուծություններ` բացահայտելու հոսունության դինամիկան, դրան նպաստող պայմանները, հայտարարված մրցույթներին դիմորդներ չլինելու պատճառները, այդ թվում` պաշտոնների սխալ գնահատումը, չափանիշների սահմանումը, ենթախմբերի դասակարգումը.
3.1) ուսումնասիրում է համապատասխան մարմինների կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մրցույթ հայտարարելու ժամկետի խախտումները և անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում համակարգող փոխվարչապետին կամ վարչապետին.
4) մշակում է պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը.
5) Կառավարության սահմանած կարգով իրականացնում է աշխատանքի շուկայի վերլուծություն` ըստ մասնագիտությունների և տարածքների.
6) իրականացնում է կատարողականի գնահատման արդյունքների մոնիտորինգ և կատարում համապատասխան վերլուծություններ.
7) իրականացնում է վերապատրաստման արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն.
8) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմինների վերակազմակերպման, գործունեության դադարման, կառուցվածքային փոփոխությունների ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
9) ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմիններ.
10) համապատասխան և այլ մարմիններից ստանում է քաղաքացիական ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն.
11) անձնակազմի կառավարման աշխատանքների կազմակերպման մասով տալիս է մեթոդական ցուցումներ.
12) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
4. Քաղաքացիական ծառայության գրասենյակը, օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայության որոշ ինստիտուտների, գործառույթների, ընթացակարգերի հետ կապված կարող է փորձարարական աշխատանքներ կազմակերպել համապատասխան մարմիններում:
(38-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-12-Ն, լրաց. 04.12.24 ՀՕ-475-Ն)
(21.01.20 ՀՕ-12-Ն օրենքն ունի անցումային դրույթ)