Հոդված 12. Ստուգվող անձանց իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 12. Ստուգվող անձանց իրավունքներն ու պարտականությունները
1. Ստուգվող անձինք իրավունք ունեն՝
1) արգելելու ստուգումը և (կամ) հրաժարվելու ստուգումն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրել, եթե ստուգողները խախտել են սույն օրենքի 7-9-րդ հոդվածներով սահմանված կարգը.
2) ծանոթանալու ստուգման ակտերին.
3) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, հարուցելու միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ստուգումն իրականացնող անձանց գործողությունները.
4) պահանջելու ստուգումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.
5) չկատարելու ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման առաջադրանքից չբխող պահանջներ.
6) ստուգման ցանկացած փուլում սեփական շահերը պաշտպանելու նպատակով ստուգմանը մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների, փաստաբանների։
2. Ստուգվող անձինք պարտավոր են`
1) չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները.
2) ստուգող անձանց պահանջով տրամադրել ստուգմանն առնչվող փաստաթղթեր, տվյալներ, տեղեկանքներ, բացատրություններ.
3) սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքում բացահայտված և ստուգման ակտում նշված թերությունները և խախտումները՝ այդ մասին գրավոր հայտնելով ստուգող մարմնին.
4) եթե ստուգվող անձը տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինն է, ապա անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար։