Հոդված 8. Ընթացիկ ստուգումների իրականացման կարգը
Հոդված 8. Ընթացիկ ստուգումների իրականացման կարգը
1. Ընթացիկ ստուգումներն անցկացվում են մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված ամենամյա ժամանակացույցին համապատասխան` ըստ համայնքների` համաձայնեցնելով իրավական հսկողության բարձրագույն մարմնի հետ:
2. Յուրաքանչյուր համայնքի աշխատակազմում ստուգումներն անցկացվում են տարվա ընթացքում մեկ անգամ:
Նույն աշխատակազմում տարվա ընթացքում մեկից ավելի ստուգում կարող է իրականացվել քաղաքացիների կամ իրավաբանական անձանց դիմում բողոքների հիման վրա` իրավական հսկողության բարձրագույն մարմնի համաձայնությամբ:
3. Ստուգումն սկսվելուց առնվազն 2 օր առաջ այդ մասին ծանուցվում է համայնքի ղեկավարը։ Ծանուցագրում պարտադիր նշվում են ստուգման ժամկետները և ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերին և 3-րդ մասի 1-2-րդ կետերին համապատասխան։
4. Ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 5 օր։ Լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն առաջանալիս ստուգող անձանց գրավոր զեկուցագրի հիման վրա մարզպետը (Երևանի քաղաքապետը) կարող է կարգադրությամբ երկարաձգել ստուգման ժամկետը, բայց ոչ ավելի, քան 3 օրով։
5. Ստուգման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու կամ վարչական պատասխանատվության չհանգեցնող թերություններ հայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք՝ 2 օրինակից, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգող և ստուգվող մարմինները, ստուգող անձինք, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները (եզրակացությունը խախտումներ կամ թերություններ չհայտնաբերելու մասին)։
6. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ՝ 2 օրինակից, որը, սույն հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի արձանագրված խախտումների նկարագրությունը (իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել՝ համապատասխան հղումներով, խախտումների պատճառները), խախտման ժամանակը, բնույթը, ակտի օրինակների քանակը և հերթական համարը։
7. Ինչպես տեղեկանքը, այնպես էլ կազմված ակտն ստուգումն ավարտվելուց հետո` 2-օրյա ժամկետում, ներկայացվում են համայնքի ղեկավարին։
8. Համայնքի ղեկավարը տեղեկանքը կամ ակտն ստանալուց հետո` 2-օրյա ժամկետում, ստորագրում է այն։ Ակտի հետ անհամաձայնության դեպքում համապատասխան հիմնավորումները հատուկ կարծիքի տեսքով կցվում են ակտին` այդ մասին համապատասխան գրառում կատարելով ակտում։
9. Ստորագրված տեղեկանքի կամ ակտի մեկ օրինակը մնում է համայնքի ղեկավարի մոտ, մյուս օրինակը հանձնվում է մարզպետին (Երևանի քաղաքապետին)։
10. Մարզպետը (Երևանի քաղաքապետը) տեղեկանքն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, կայացնում է որոշում՝ տեղեկանքն ի գիտություն ընդունելու մասին, իսկ ակտն ստանալուց հետո կայացնում է որոշում`
1) տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական տույժեր կիրառելու մասին.
2) խախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին։
11. Սույն հոդվածով նախատեսված ստուգումներն իրականացնելու համար մարզպետը (Երևանի քաղաքապետը) կարող է ստեղծել ստուգող հանձնաժողով։