Հոդված 7. Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների իրականացման կարգը
Հոդված 7. Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների իրականացման կարգը
(վերնագիրը խմբ. 09.07.20 ՀՕ-375-Ն)
1. Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներն անցկացվում են տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած՝ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հաստատած ստուգումների տարեկան ծրագրին համապատասխան:
2. Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները յուրաքանչյուր մարզպետի աշխատակազմում կամ տեղական ինքնակառավարման մարմնում կարող են իրականացվել տարվա ընթացքում մեկ անգամ։
3. Ստուգումն սկսվելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ այդ մասին ծանուցվում է մարզպետը կամ համայնքի ղեկավարը (Երևանի քաղաքապետը)։ Ծանուցագրում նշվում են ստուգման ժամկետները, ստուգումն իրականացնող անձանց տվյալները և ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան:
4. Ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 10 աշխատանքային օր։ Լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության պարագայում ստուգումն իրականացնող անձանց զեկուցագրի հիման վրա տեսչական մարմնի ղեկավարը կարող է հրամանով երկարաձգել ստուգման ժամկետը մինչև հինգ աշխատանքային օրով՝ այդ մասին իրազեկելով մարզպետին կամ համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին):
5. Ստուգման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու կամ վարչական պատասխանատվության չհանգեցնող թերություններ հայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք՝ երկու օրինակից, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգող և ստուգվող մարմինները, ստուգման հիմքերը, ստուգումն իրականացնող անձանց տվյալները, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման արդյունքները։
6. Կախված ստուգման արդյունքներից` տեղեկանքը պետք է նաև պարունակի`
1) խախտում կամ թերություն չհայտնաբերելու դեպքում՝ եզրակացություն այդ մասին.
2) վարչական պատասխանատվության չհանգեցնող թերություններ հայտնաբերելու դեպքում՝ ցուցումներ դրանք վերացնելու մասին։
7. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ՝ 2 օրինակից, որը, սույն հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի արձանագրված խախտումների նկարագրությունը (իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել՝ համապատասխան հղումներով, խախտումների պատճառները, ժամանակը, բնույթը), պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական նորմերը, ակտի օրինակների քանակը և հերթական համարը:
8. Ինչպես տեղեկանքը, այնպես էլ կազմված ակտն ստուգումն ավարտվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում են մարզպետին կամ համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին):
9. Մարզպետը կամ համայնքի ղեկավարը (Երևանի քաղաքապետը) տեղեկանքը կամ ակտն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ստորագրում է այն։ Ակտի հետ անհամաձայնության դեպքում համապատասխան հիմնավորումները հատուկ կարծիքի տեսքով կցվում են ակտին՝ այդ մասին համապատասխան գրառում կատարելով ակտում:
10. Ստորագրված տեղեկանքի կամ ակտի մեկ օրինակը մնում է մարզպետի կամ համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) մոտ, մյուս օրինակը հանձնվում է տեսչական մարմնի ղեկավարին:
11. Տեղեկանքը տեսչական մարմնի ղեկավարն ընդունում է ի գիտություն:
12. Ակտն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեսչական մարմնի ղեկավարը կայացնում է որոշում՝
1) ստուգման ակտում արձանագրված խախտումների վերացման նպատակով մարզպետներին կամ համայնքների ղեկավարներին (Երևանի քաղաքապետին) պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումը վերացնելու ժամկետները և ցուցումները չկատարելու իրավական հետևանքները.
2) խախտում կատարած մարզպետի կամ համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) նկատմամբ վարչական տույժեր կիրառելու վերաբերյալ.
3) խախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին:
13. Սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված որոշումների մասին տեսչական մարմնի ղեկավարը հնգօրյա ժամկետում իրազեկում է մարզպետին, համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին):
(7-րդ հոդվածը խմբ. 09.07.20 ՀՕ-375-Ն)