Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Ըստ անհրաժեշտության ստուգումների իրականացման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ըստ անհրաժեշտության ստուգումների իրականացման կարգը

1. Ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից։

2. Ըստ անհրաժեշտության ստուգումները կարող են տևել ոչ ավելի, քան 5 աշխատանքային օր։

3. Տեսչական մարմինն ըստ անհրաժեշտության ստուգումներ կարող է իրականացնել մարզպետի աշխատակազմում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում` քաղաքացիների, իրավաբանական անձանց գրավոր դիմումների հիման վրա, կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, որը կարող է տրվել նաև մարզպետների կամ պետական մարմնի ղեկավարի ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից դիմումների հիման վրա ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացվում են օրենքով նախատեսված դեպքում և կարգով։

4. Տեսչական մարմինը մարզպետի աշխատակազմում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում ըստ անհրաժեշտության ստուգումներն իրականացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-10-րդ մասերով սահմանված կարգով, ընդ որում, ստուգման արդյունքում ինչպես տեղեկանքը, այնպես էլ ակտը կազմվում են 2 օրինակից, որոնցից մեկը տրամադրվում է մարզպետին կամ համայնքի ղեկավարին (Երևանի քաղաքապետին), մյուսը հանձնվում է տեսչական մարմնի ղեկավարին:

5. Տեսչական մարմնի ղեկավարը տեղեկանքն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում տեղեկանքն ի գիտություն ընդունելու մասին, իսկ ակտն ստանալուց հետո կայացնում է որոշում՝

1) ստուգման ակտում արձանագրված խախտումների վերացման նպատակով մարզպետներին կամ համայնքների ղեկավարներին (Երևանի քաղաքապետին) պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումը վերացնելու ժամկետները և ցուցումները չկատարելու իրավական հետևանքները.

2) խախտում կատարած մարզպետի կամ համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) նկատմամբ վարչական տույժեր կիրառելու վերաբերյալ.

3) խախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններ հաղորդում ներկայացնելու մասին:

6. Մարզպետը` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, և համայնքի ղեկավարը` համայնքի վարչական սահմաններում, ըստ անհրաժեշտության ստուգումներ իրականացնում են`

1) ընթացիկ գործունեության դիտարկումների արդյունքում հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից հողային օրենսդրության խախտումներ հայտնաբերելիս.

2) քաղաքացիների, իրավաբանական անձանց գրավոր դիմումների հիման վրա.

3) տեսչական մարմնի առաջարկությամբ:

7. Երևանի քաղաքապետն ըստ անհրաժեշտության ստուգումներ իրականացնում է հողօգտագործողների կողմից հողերի պահպանությանն ուղղված միջոցառումների` օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ բացահայտելիս:

8. Մարզպետը` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, Երևանի քաղաքապետը և համայնքի ղեկավարը սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում ըստ անհրաժեշտության ստուգումը (այսուհետ՝ ստուգում) սկսելուց առնվազն 1 աշխատանքային օր առաջ այդ մասին ծանուցում են հողամասի սեփականատիրոջը կամ օգտագործողին։ Ծանուցագրում նշվում են ստուգման ժամկետները և հիմքերը։

9. Ստուգումն իրականացվում է մարզպետի, Երևանի քաղաքապետի կամ համայնքի ղեկավարի որոշման համաձայն` ըստ հողամասի գտնվելու վայրի: Որոշման մեջ նշվում են՝

1) ստուգող մարմինը և այն անձը, որի հողերի օգտագործման և պահպանման բնագավառում օրենքով սահմանված պարտականությունները ենթակա են ստուգման.

2) ստուգման հիմքերը և ժամկետները.

3) ստուգումն իրականացնող անձի (անձանց) ազգանունը, անունը, զբաղեցրած պաշտոնը.

4) ստուգման ենթակա հարցերի շրջանակը, ընդ որում, մարզպետի կողմից իրականացվող ստուգման դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան, Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող ստուգման դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների կողմից իրականացվող ստուգման դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:

10. Ստուգումն իրականացվում է հողամասերի տեղազննության, հողամասի փաստացի վիճակը (չափերը, հողատեսքը, անբաժանելի բարելավումները) հողամասի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերի հետ համադրելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հողամասի չափագրման միջոցով:

11. Ստուգման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգող մարմինը և ստուգվող անձը, ստուգող անձի (անձանց) ազգանունը, անունը, զբաղեցրած պաշտոնը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները (եզրակացությունը խախտումներ կամ թերություններ չհայտնաբերելու մասին)։

12. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է ակտ, որը, սույն հոդվածի 11-րդ մասում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի արձանագրված խախտումների նկարագրությունը (իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել՝ համապատասխան հղումներով, խախտումների պատճառները), խախտման կոնկրետ ժամանակը, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական նորմերը, ակտի օրինակների քանակը և հերթական համարը։

13. Ինչպես տեղեկանքը, այնպես էլ ակտը կազմվում են 2 օրինակից։

14. Ստուգումն ավարտվելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգող անձի (անձանց) կողմից ստորագրված ակտի կամ տեղեկանքի օրինակները ներկայացվում են ստուգվող անձին՝ ստորագրման։ Անհամաձայնության դեպքում ստուգվող անձը ներկայացնում է հիմնավորում, որը հատուկ կարծիքի տեսքով կցվում է ակտին՝ այդ մասին կատարելով համապատասխան գրառում ակտում։

15. Ստուգվող անձի կողմից տեղեկանքը կամ ակտն ստորագրվելուց հետո դրա մեկ օրինակը տրվում է ստուգվող անձին, մյուս օրինակը 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է մարզպետին (Երևանի քաղաքապետին) կամ համայնքի ղեկավարին։

Եթե ստուգվող անձը պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենն ուղարկվում է կազմակերպության պետական բաժնեմասի կառավարման լիազորություններ ունեցող մարմնին։

16. Մարզպետը (Երևանի քաղաքապետը), համայնքի ղեկավարը ակտն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում՝

1) ստուգման ակտով բացահայտված խախտումների վերացման նպատակով ստուգվող անձին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու մասին՝ նշելով խախտումները վերացնելու ժամկետները և ցուցումները չկատարելու իրավական հետևանքները.

2) ստուգվող անձի նկատմամբ վարչական տույժեր կիրառելու մասին.

3) խախտումներ թույլ տված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու մասին։

(9-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 09.07.20 ՀՕ-375-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։