Հոդված 11. Հեռուստառադիոհաղորդումները հանրաքվեների և ընտրությունների ժամանակաշրջանում
Հոդված 11. Հեռուստառադիոհաղորդումները հանրաքվեների և ընտրությունների ժամանակաշրջանում
Հանրաքվեների և ընտրությունների քարոզչությանը նախորդող ու դրանց անցկացման ժամանակաշրջանում հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են ընտրությունների ու հանրաքվեների մասին օրենսդրությանը համապատասխան:
Նշված ժամանակահատվածում արգելվում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակել քաղաքական կամ այլ քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով: Նման հաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում», իսկ ռադիոսփռման դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում, ոչ պակաս, քան երեք անգամ, պետք է հիշեցվի դրա մասին:
Հանրաքվեների և ընտրությունների քարոզչության ժամանակաշրջանում հեռուստառադիոընկերությունները հրապարակավ հայտնում են վճարովի քաղաքական գովազդի ու քարոզչական այլ հաղորդումների` իրենց եթերաժամի արժեքը: Ցանկացողները վճարովի եթերաժամից օգտվում են պայմանագրային կարգով և հավասար պայմաններով: