Հոդված 28. Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները
Հոդված 28. Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները
Հանրային հեռուստառադիոընկերությունը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է, որի իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Հանրային հեռուստառադիոընկերությունն ստեղծում է պետությունը` ապահովելու համար մարդու սահմանադրական իրավունքը, այսինքն` ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի և պատմության, մարզական, զվարճալի և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվություն, և գործում է սույն օրենքին, իր կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հանրային հեռուստառադիոընկերության հեռուստատեսային հաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում գործունեությունն իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը, իսկ ռադիոհաղորդումների բնագավառում` հանրային ռադիոընկերությունը, որոնց ղեկավարման բարձրագույն մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է:
Հանրային հեռուստառադիոընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության սկզբունքներով և ապահովում է խոսքի ու ստեղծագործության ազատությունը:
Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է`
ա) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.
բ) ապահովել հեռարձակվող հաղորդումների բազմազանությունը` հնարավոր հաղորդաշարերի և հաղորդումների տեսակների տեսքով.
գ) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`
1) հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ կարծիքների բազմազանությունը,
2) հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը.
դ) իր ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը:
Հանրային հեռուստառադիոընկերությունը կարող է եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար: Նման հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ` շաբաթական մինչև մեկ ժամ, իսկ ռադիոյով` օրական մինչև մեկ ժամ ժամաքանակը:
Հանրային հեռուստառադիոընկերությունում`
ա) առևտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների հինգ տոկոսը.
բ) հեռարձակվող հաղորդումը չի կարող ընդհատվել առևտրային գովազդով.
գ) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը և ընտրարշավներից դուրս քաղաքական գովազդի առկայությունն արգելվում է.
դ) պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի հեռարձակումն արգելվում է:
Հանրային հեռուստառադիոընկերության`
ա) հեռարձակած ալիքներից առնվազն մեկ հեռուստաալիքը և մեկ ռադիոալիքը սփռվում է ամբողջ երկրի տարածքով.
բ) օգտագործվող հաճախություններով արգելվում է այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը` առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության:
Հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցների գործադուլի ժամանակ նրանք պարտավոր են ապահովել լրատվական ծրագրերի օրական առնվազն երկու թողարկում:
Հանրային հեռուստառադիոընկերությունը հիմնականում ֆինանսավորվում է պետական բյուջեից:
Հանրային հեռուստառադիոընկերության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մշակում է Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգն օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը: Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով:
(28-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-223)