Հոդված 117
Հոդված 117.
Փակ քվեարկության քվեաթերթիկները հաշվիչ հանձնաժողովը պատգամավորին է հանձնում ցուցակում վերջինիս ստորագրելուց հետո: Յուրաքանչյուր պատգամավոր ստանում է մեկ քվեաթերթիկ:
Պատգամավորը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում` քվեաթերթիկում թողնելով այն թեկնածուի անուն-ազգանունը, որի օգտին նա քվեարկում է` ջնջելով այն թեկնածուների անուն-ազգանունները, որոնց դեմ նա քվեարկում է: Մեկ թեկնածուի դեպքում ջնջում է «դեմ» բառը, եթե քվեարկում է թեկնածուի օգտին, կամ «կողմ» բառը, եթե քվեարկում է թեկնածուին դեմ:
Քվեարկության ժամանակ բացակայող պատգամավորն իր քվեն ավելի ուշ տալու իրավունք չունի:
Քվեարկությունն ավարտվելուց հետո հաշվիչ հանձնաժողովը բացում է գաղտնի քվեարկության տուփերը և հաշվում ձայները:
Անվավեր են համարվում չսահմանված նմուշի քվեաթերթիկները, իսկ պաշտոնատար անձանց ընտրելիս` այն քվեաթերթիկները, որոնցում թողնված են սահմանված թվից ավելի թեկնածուներ, կամ մեկ թեկնածուի դեպքում թողնված կամ ջնջված են միաժամանակ «կողմ» և «դեմ» բառերը, կամ ավելացված են այլ ազգանուններ:
Քվեաթերթիկում ավելացված ազգանունները ձայները հաշվելիս հաշվի չեն առնվում: