Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Հետընդունվող կամ փոխադրվող անձի ուղեկցումը

1) Այն դեպքում, երբ հետընդունման կամ տարանցման ընթացքի մեջ գտնվող անձը պետք է ուղեկցվի, Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը ներկայացնում է հետևյալ տեղեկությունը ուղեկցող(ներ)ի վերաբերյալ. անուն և ազգանուն, ուղեկցողների պաշտոնները, անձնագրերի տեսակները, դրանց համարը և տրման ամսաթիվը, թռիչքի համարը, ժամանման և մեկնման օրը և ժամը:

Այս տեղեկությունը նշվում է սույն Արձանագրության 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն արված ծանուցման մեջ: Ուղեկցողների տվյալների որևէ փոփոխության դեպքում Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները անմիջապես տեղեկացնում են Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին:

2) Ուղեկցողը պարտավոր է ուղեկցել հետընդունման ենթակա անձին և նրան փոխանցել Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի ներկայացուցչին:

3) Ուղեկցողները պարտավորվում են կատարել Հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության պահանջները: Հետընդունման ենթակա անձին ուղեկցման կամ տարանցման ընթացքում ուղեկցողների իրավասությունները սահմանափակված են օրինական պաշտպանությամբ՝ Հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն: Այն դեպքում, երբ Հայցվող Պայմանավորվող կողմի պաշտոնյաները, որոնք իրավասու են իրականացնելու անհրաժեշտ գործողություններ, չեն կարող գործել կամ աջակցություն խնդրել անմիջական կամ լուրջ վտանգի իրավիճակներում, ուղեկցողները կարող են ողջամիտ և համաչափ միջոցներ ձեռնարկել՝ կանխարգելելու համար հետընդունման ենթակա անձի փախուստը, ինքն իրեն կամ այլ երրորդ անձին վնաս հասցնելը կամ գույքին վնաս պատճառելը: Հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում մնալու ընթացքում ուղեկցողները, Հայցվող Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրության համաձայն, զենք կամ այլ արգելված իրեր չեն կրում և կրում են քաղաքացիական հագուստ:

4) Ուղեկցողները պարտավոր են կրել իրենց անձը հաստատող փաստաթղթերը, հետընդունումը և տարանցումը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև հետընդունման կամ տարանցման ենթակա անձի ճամփորդական փաստաթուղթը և այլ պահանջվող վկայականներ կամ տվյալներ:

5) Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները համագործակցում են Հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում ուղեկցողների մնալու հետ կապված բոլոր հարցերով: Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները նշանակված ուղեկցողներին տրամադրում են ցանկացած աջակցություն:

6) Եթե հետընդունման կամ տարանցման ենթակա անձն ունի հատուկ խնամքի կարիք, ուղեկցողների կազմում կարող են ընդգրկվել նաև բժշկական անձնակազմ, սոցիալական աշխատողներ և այլն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։