Հոդված 23. Գյուտի օգտագործման հետ կապված հարաբերությունների կարգավորումն արտոնագիրը՝ այն ստանալու իրավունք ունեցող անձին փոխանցելու դեպքում
Հոդված 23. Գյուտի օգտագործման հետ կապված հարաբերությունների կարգավորումն արտոնագիրը՝ այն ստանալու իրավունք ունեցող անձին փոխանցելու դեպքում
1. Եթե արտոնագրատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով` սույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, ապա արտոնագրի հիման վրա երրորդ անձանց տրված ցանկացած լիցենզիա և այլ իրավունքներ չեղյալ են ճանաչվում նոր արտոնագրատիրոջ մասին տվյալները գյուտերի պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից:
2. Արտոնագրատերը և մինչև դատական հայցի ներկայացնելը լիցենզիա ստացած անձը, որոնք մինչև դրա գրանցումն սկսել են գյուտի օգտագործումը (գործողության մեջ են դրել գյուտը) կամ այդ նպատակով կատարել են արդյունավետ և կոնկրետ քայլեր, կարող են շարունակել օգտագործումը կամ սկսել այն, պայմանով, որ ոչ բացառիկ լիցենզիա ստանալու խնդրանքով նրանք դիմեն նոր արտոնագրատիրոջը, որի մասին տեղեկությունները գրանցվել են գյուտերի պետական գրանցամատյանում: Ոչ բացառիկ լիցենզիա ստանալու խնդրանքով նախկին արտոնագրատերը կարող է դիմել նոր արտոնագրատիրոջ մասին տեղեկությունները գյուտերի պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իսկ լիցենզիա ստացած անձը` պետական լիազոր մարմնի նոր արտոնագրատիրոջ մասին ծանուցագիրն ուղարկելու օրվանից՝ չորս ամսվա ընթացքում: Լիցենզիան պետք է տրվի որոշակի ժամանակահատվածի համար և ողջամիտ պայմաններով, որոնք կողմերի համաձայնության չգալու դեպքում սահմանվում են հարկադրական լիցենզիաների համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ նախկին արտոնագրատերը կամ լիցենզառուն գործել է անբարեխիղճ այն ժամանակ, երբ սկսել է գյուտի օգտագործումը կամ քայլեր է կատարել դրա համար: