Հոդված 25. Արտոնագրից բխող բացառիկ իրավունքի խախտում չհամարվող գործողությունները
Հոդված 25. Արտոնագրից բխող բացառիկ իրավունքի խախտում չհամարվող գործողությունները
1. Սույն օրենքի 24-րդ հոդվածում նշված` արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում արտոնագրով պահպանվող գյուտի օգտագործումը`
1) անձնական կարիքների համար` առանց եկամուտ ստանալու նպատակի.
2) որպես գիտափորձի կամ գիտական հետազոտության առարկա.
3) բժշկի դեղատոմսով դեղատներում դեղորայքի միանգամյա պատրաստման դեպքում.
4) այլ պետությանը պատկանող և պատահաբար կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած փոխադրամիջոցի վրա, եթե դա պայմանավորված է բացառապես փոխադրամիջոցի կարիքներով, և փոխադրամիջոցը պատկանում է այն պետության քաղաքացիներին և (կամ) կազմակերպություններին, որը նույնպիսի իրավունքներ է վերապահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին.
5) բժշկական (այդ թվում` ֆիտոսանիտարական) արտադրանքի փորձարկման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրությունների, թեստերի և փորձերի կատարման համար արտոնագրի ժամկետն ավարտվելուն նախորդող երկու տարվա ընթացքում.
6) արտակարգ իրավիճակների դեպքում, ինչպես նաև պետության անվտանգության ապահովման նպատակով՝ այդպիսի օգտագործման մասին հնարավորինս շուտ տեղեկացնելով արտոնագրատիրոջը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գյուտի օգտագործումը թույլատրվում է պայմանով, որ այն չարդարացված վնաս չի պատճառում արտոնագրված գյուտի բնականոն օգտագործմանը և չհիմնավորված կերպով չի խախտում արտոնագրատիրոջ օրինական շահերը, և որի դեպքում հաշվի են առնվում երրորդ անձանց օրինական շահերը: Հակառակ դեպքում արտոնագրատերն ունի գյուտի չթույլատրված օգտագործման արդյունքներով կրած նյութական վնասի չափին համապատասխան հատուցում ստանալու իրավունք:
3. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում վերարտադրման կամ բազմացման միջոցով ստացված կենսաբանական նյութի վրա, որն արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետությունում, երբ վերարտադրումը կամ բազմացումը անհրաժեշտաբար բխում է այն կիրառությունից, որի համար կենսաբանական նյութը շուկա է հանվել, պայմանով, որ ստացված նյութը հետագայում չի օգտագործվի այլ վերարտադրման կամ բազմացման համար:
4. Որպես սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-6-րդ մասերի բացառություն՝ գյուղատնտեսական օգտագործման նպատակով բույսի վերարտադրման նյութի վաճառքը ֆերմերին կամ այլ ձևով դրա առևտրայնացումն արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ, իրավունք է տալիս ֆերմերին վերարտադրման կամ բազմացման նպատակով օգտագործելու իր բերքի արդյունքն իր հողամասում:
5. Որպես սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-6-րդ մասերի բացառություն՝ բազմացող ընտանի կամ այլ կենդանիների վերարտադրության նյութի վաճառքը ֆերմերին, կամ այլ ձևով դրա առևտրայնացումը արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ իրավունք է տալիս ֆերմերին այդ նյութով վերարտադրված կենդանին օգտագործելու գյուղատնտեսական նպատակներով: Սա ներառում է կենդանուց կամ դրա բազմացումից ստացված արգասիքը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հնարավորությունը, բացառությամբ առևտրային շրջանակներում կամ այդ նպատակներով բազմացման գործունեության: