Հոդված 72. Հարկադրական լիցենզիան
Հոդված 72. Հարկադրական լիցենզիան
1. Ցանկացած անձ կամ Հայաստանի Հանրապետությունը առանց արտոնագրատիրոջ համաձայնության օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կարող է օգտագործել պահպանվող գյուտը, բույսի սորտը (հարկադրական լիցենզիա), եթե`
1) դա պահանջում է հասարակության շահը, մասնավորապես ազգային անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական ապրանքների հասանելիության և մատչելիության բացակայությունը) կամ կենսական նշանակություն ունեցող այլ բնագավառ.
2) արտոնագրատերը կամ լիցենզառուն արտոնագրային իրավունքներն օգտագործում է անբարեխիղճ, մասնավորապես երբ օգտագործման ձևերը հակասում են գործարար շրջանառության սովորույթներին` սահմանափակելով մրցակցությունը.
3) հայտը ներկայացնելու թվականից` չորս տարվա, կամ արտոնագիր տալու օրվանից հետո` երեք տարվա ընթացքում (ընդ որում, պետք է կիրառվի ավելի ուշ լրացող ժամկետը), գյուտը չի օգտագործվել կամ օգտագործվել է ոչ բավարար չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահագրգիռ անձի դիմումի հիման վրա դատարանը հարկադրական լիցենզիան տրամադրում է դիմումի մեջ նշված հանգամանքներին ծանոթանալուց և արտոնագրատիրոջը լսելուց հետո:
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրական լիցենզիան տրամադրվում է, եթե դիմում ներկայացնող անձն ապացուցում է, որ ինքը փորձել է ողջամիտ ժամկետում և ողջամիտ առևտրային պայմաններով արտոնագրատիրոջ հետ կնքել լիցենզային պայմանագիր, և որ այդպիսի փորձերը չեն հաջողվել:
4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասի դրույթները չեն կիրառվում արտակարգ իրավիճակների կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքների կամ հանրային ոչ առևտրային օգտագործման դեպքերում: Ընդ որում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի մասին արտոնագրատերը ծանուցվում է առաջին իսկ հնարավորության դեպքում:
5. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթը չի կիրառվում, սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, մրցակցության սահմանափակման պրակտիկան շտկելու համար հարկադրական լիցենզիա տրամադրվելու դեպքում: