Հոդված 53. Արտոնագիր տալու մասին որոշումը
Հոդված 53. Արտոնագիր տալու մասին որոշումը
1. Եթե փորձաքննության արդյունքներով պարզվում է, որ հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում հայտատուի հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտը, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ` այդ խմբի գյուտերից յուրաքանչյուրը բավարարում է սույն օրենքով նախատեսված արտոնագրաունակության պայմանները և հավակնության սահմանման, գյուտի նկարագրության կամ գծագրերի մեջ ճշգրտումներ մտցնելու անհրաժեշտություն չկա, ապա պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում նրա հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ գյուտի արտոնագիր տալու մասին:
2. Եթե փորձաքննության արդյունքներով պարզվում է, որ հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում հայտատուի հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ հայտարկված գյուտը, իսկ եթե հայտարկված է գյուտերի խումբ` այդ խմբի գյուտերից յուրաքանչյուրը բավարարում է սույն օրենքով նախատեսված արտոնագրաունակության պայմանները, սակայն առկա է հավակնության սահմանման, գյուտի նկարագրության կամ գծագրերի մեջ ճշգրտումներ մտցնելու անհրաժեշտություն, ապա պետական լիազոր մարմինը հիմնավորված ծանուցագիր է ուղարկում հայտատուին հայտարկված գյուտի արտոնագրաունակության ստուգման արդյունքների և նշված հավակնության սահմանմամբ արտոնագիր տալու հնարավորության մասին` ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, դրա մեջ նշված ճշգրտումները կատարելու առաջարկությամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծանուցագրին համապատասխան՝ սահմանված ժամկետում ճշգրտումների կատարման մասին հայտատուի պատասխանն ստանալուց հետո պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտատուի առաջարկած կամ փորձաքննության ընթացքում նրա հետ համաձայնեցված հավակնության սահմանմամբ գյուտի արտոնագիր տալու մասին:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծանուցագրին համապատասխան՝ հայտատուի սահմանած ժամկետում ճշգրտումներ չկատարելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, որի մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին:
5. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ արտոնագիր տալու մասին կայացված որոշումը պետական լիազոր մարմինն ուղարկում է հայտատուին՝ այն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման առաջարկությամբ: Նշված պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, որի դեպքում դրա չափն ավելացվում է 50 տոկոսով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան սահմանված ժամկետում պետական տուրքը չվճարվելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, որի մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին: