Հոդված 44. Հայտին ներկայացվող պահանջների բովանդակությունը
Հոդված 44. Հայտին ներկայացվող պահանջների բովանդակությունը
1. Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումում նշվում են տվյալներ հայտատուի մասին (անունը, ազգանունը և բնակության վայրը կամ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը), գյուտի անվանումը, որը բնորոշում է գյուտի առարկան և պետական լիազոր մարմնի սահմանած այլ տվյալներ:
2. Գյուտի նկարագրության մեջ նշվում է` գյուտի անվանումը, տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է գյուտը, տեղեկատվություն` տեխնիկայի մակարդակի մասին և հայտատուին հայտնի` պահանջվող տեխնիկական արդյունքի ստացմանը խոչընդոտող պատճառները, տեխնիկական խնդիրը, որի լուծմանը նպատակաուղղված է գյուտը, տեխնիկական խնդրի տեխնիկական լուծման նկարագրությունը և տեխնիկական արդյունքը, որը կարելի է ստանալ գյուտի կիրառմամբ:
3. Եթե գյուտը վերաբերում է կենսաբանական նյութի, որը մատչելի չէ հանրությանը և չի կարող որոշակիորեն նկարագրվել տվյալ բնագավառի մասնագետի կողմից դա իրագործելու համար բավարար չափով, ապա այդ գյուտի նկարագրությունը լրացվում է Արտոնագրային գործընթացի նպատակով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման մասին Բուդապեշտյան պայմանագրի Հրահանգի 7-րդ հոդվածի համաձայն տրված կամ միկրոօրգանիզմների ավանդադրման հարցերով Կառավարության լիազորած հաստատության տված կենսաբանական նյութի ավանդադրման մասին տեղեկանքով: Ավանդադրման թվականը պետք է նախորդի հայտի ներկայացման թվականին, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում` գյուտի առաջնության թվականին:
4. Գյուտի հավակնության սահմանումը տեխնիկական հատկանիշների համախմբության միջոցով որոշում է գյուտի առարկան, որի համար խնդրարկվում է իրավական պահպանություն: Հավակնության սահմանումը, որը ներկայացվում է մեկ կամ ավելի կետերով, պետք է լինի պարզ, հստակ և ամբողջապես հիմնված նկարագրության վրա:
5. Գծագրերը և այլ նյութերը ծառայում են գյուտի էությունը հասկանալուն:
6. Գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատը) գյուտի բովանդակության համառոտ շարադրանքն է և ծառայում է միայն արտոնագրային որոնման նպատակներին: Համառոտ շարադրանքը ներառում է գյուտի անվանումը, տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է գյուտը և (կամ) գյուտի կիրառման բնագավառը, եթե այն պարզ չէ գյուտի անվանումից, գյուտի էության բնութագիրը` նշելով ստացվող տեխնիկական արդյունքը: Համառոտ շարադրանքը չի կարող օգտագործվել այլ նպատակներով, մասնավորապես գյուտի իրավական ծավալի մեկնաբանման նպատակով: