Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոդված 31. Առաջնության իրավունքը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 31. Առաջնության իրավունքը

1. Գյուտի առաջնությունը որոշվում է հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականով:

2. Առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետություն ներկայացնելու թվականով (միջազգային առաջնություն), եթե գյուտի հայտը պետական լիազոր մարմին է ներկայացվել նշված թվականից՝ 12 ամսվա ընթացքում:

3. Առաջնության իրավունքից օգտվելու համար հայտատուն հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից՝ երկու ամսվա ընթացքում, պետք է պետական լիազոր մարմնին հայտնի այդ մասին՝ նշելով խնդրարկվող առաջնության թվականը, վճարի օրենքով սահմանված պետական տուրքը յուրաքանչյուր խնդրարկվող առաջնության համար, և առաջին հայտի ներկայացման թվականից, իսկ եթե առաջին հայտերը մի քանիսն են` այդպիսի հայտերի ամենավաղ ներկայացման թվականից՝ 16 ամսվա ընթացքում, պետական լիազոր մարմնին ներկայացնի առաջին հայտի` այն ստացած գերատեսչության վավերացրած պատճենը: Սույն պահանջները չկատարելու դեպքում խնդրարկվող առաջնությունը չի տրամադրվում:

4. Անհրաժեշտության դեպքում պետական լիազոր մարմինը հայտատուից կարող է պահանջել առաջին հայտի հայերեն թարգմանությունը, որը ներկայացվում է այդ մասին հարցումն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում:

5. Մի քանի առաջնություններ կարող են խնդրարկվել մի քանի առաջին հայտերի հիման վրա, որոնք ներկայացվել են մեկ կամ մի քանի երկրներում: Անհրաժեշտության դեպքում հավակնության սահմանման միևնույն կետի համար կարող են խնդրարկվել մի քանի առաջնություններ: Եթե խնդրարկվել են մի քանի առաջնություններ, առաջնություն խնդրարկելու ժամկետը հաշվարկվում է ամենավաղ առաջնության թվականից:

6. Մեկ կամ մի քանի առաջնություն սահմանելիս, առաջնության իրավունքը տարածվում է միայն հավակնության սահմանման մեջ բնութագրված գյուտերի վրա, պայմանով, որ դրանք ներառված են առաջին հայտում կամ հայտերում, որոնց հիման վրա խնդրարկվում է առաջնությունը:

7. Եթե առաջնությունը խնդրարկվում է գյուտի համար, որի որոշ հատկանիշներ, ներառված չեն առաջին հայտի հավակնության սահմանման մեջ, առաջնության իրավունքի տրամադրման համար բավարար է, որ այդ հատկանիշները առկա լինեն առաջին հայտի նկարագրության մեջ կամ գծագրերում:

8. Գյուտի արտոնագիր ստանալու հայտով հայտատուն կարող է առաջնություն խնդրարկել կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի հիման վրա, իսկ կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտով` գյուտի արտոնագիր ստանալու հայտի հիման վրա:

9. Գյուտի առաջնությունը կարող է որոշվել նույն գյուտի էությունը բացահայտող նույն հայտատուի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականով (ներքին առաջնություն), պայմանով, որ այն հետկանչված չէ այն հայտի ներկայացման թվականի դրությամբ, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, եթե նոր հայտը պետական լիազոր մարմին ներկայացվել է սկզբնական հայտի ներկայացման թվականից սկսած՝ 12 ամսվա ընթացքում: Այս դեպքում սկզբնական հայտը համարվում է հետկանչված:

10. Առաջնությունը չի կարող որոշվել այն հայտով, որով արդեն խնդրարկվել է ավելի վաղ առաջնություն:

11. Գյուտի առաջնությունը, որի հայտը ներկայացվել է սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտից այն առանձնացնելու հետևանքով (զատված հայտ), որոշվում է միևնույն հայտատուի կողմից պետական լիազոր մարմին ներկայացված սկզբնական հայտի ներկայացման թվականով, իսկ սկզբնական հայտով ավելի վաղ առաջնություն խնդրարկելու իրավունք ունենալու դեպքում` հաշվի առնելով այդ իրավունքի հիման վրա խնդրարկված առաջնության թվականով, եթե զատված հայտը ներկայացվել է մինչև սկզբնական հայտով կայացրած՝ արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը, իսկ սկզբնական հայտով կայացրած՝ արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան մինչև սկզբնական հայտով արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակումը, պայմանով, որ զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետկանչված կամ հետկանչված համարված չէ:

12. Առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված մի քանի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտերով` յուրաքանչյուրի նկատմամբ պահպանելով սույն հոդվածի 9-րդ և 11-րդ մասերով սահմանված կարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։